Շվեդ բժիշկները վերլուծել են միլիոնավոր երեխաների տվյալներ և հաստատել, որ պլանային վիրահատության միջոցով ծնվածներն ավելի հակված են զարգացնելու սուր սպիտակարյունություն՝ լիմֆոբլաստային լեյկոզ, գրում է Naked Science -ը։
Աշխարհում ավելի ու ավելի շատ կանայք են ծննդաբերում կեսարյան հատմամբ՝ առանց բժշկական ցուցումների։ Այս միտումը բժիշկներին մտահոգում է մոր և երեխայի համար հնարավոր անբարենպաստ հետևանքների առումով։ Բացի դրանից, մի շարք նախորդ ուսումնասիրություններ հակասական տվյալներ են տրամադրել պլանային կեսարյան հատմամբ ծնված երեխաների շրջանում սուր լիմֆոբլաստային լեյկեմիայի բարձրացված ռիսկի վերաբերյալ։
Կարոլինսկա ինստիտուտի (Շվեդիա) համաճարակաբանների և մանկական ուռուցքաբանների խումբը որոշել է խոշոր ընտրանքի վրա ստուգել ծննդյան եղանակի և մանկական լեյկեմիայի միջև հնարավոր փոխադրաձ կապը։ The International Journal of Cancer բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտության մեջ բժիշկները վերանայել են 1982-1989 թվականներին և 1999-2015 թվականներին ծնված գրեթե 2,5 միլիոն շվեդ երեխաների տվյալները: Մայրերի հղիության ընթացքի և ծննդաբերության տեսակի, առողջության և երեխաների շրջանում քաղցկեղի ախտորոշումների վերաբերյալ տեղեկությունը վերցվել է համապատասխան ազգային գրանցամատյաններից:
Նմուշում ընդգրկվածներից գրեթե 376 հազար երեխա (15,5%) ծնվել է կեսարյան հատմամբ։ Սպիտակարյունությամբ ախտորոշված երեխաների ընդհանուր թվից ախտորոշվել է 1495-ը։
Պլանավորված կեսարյան հատմամբ ծնվածների մոտ մանկական լեյկեմիայի ավելի բարձր ռիսկը պահպանվել է մոր և երեխայի այլ շփոթեցնող գործոնները հաշվի առնելուց հետո։ Հիվանդության զարգացման վտանգն ամենաբարձրն էր հինգ տարեկանից փոքր տղաների շրջանում։ Հետազոտողները անհապաղ կեսարյան հատման և մանկական սուր լիմֆոբլաստային լեյկեմիայի բարձրացման ռիսկի միջև կապ չեն հայտնաբերել։
Չնայած բացահայտված միտմանը, բժիշկները պլանային կեսարյան հատմանն առնչվող մանկական լեյկեմիայի ավելցուկային ռիսկը ցածր են գնահատել՝ տարեկան մոտավորապես մեկ լրացուցիչ դեպք սուր B-բջջային լիմֆոբլաստային լեյկեմիայի դեպքում։ Մասնագետների տվյալներով՝ քաղցկեղի այս ձևը Շվեդիայում ամեն տարի ախտորոշվում է 50-70 երեխաների շրջանում։
«Կեսարյան հատումը մանկաբարձական խնամքի կարևոր մասն է և հաճախ կյանքեր է փրկում։ Մենք չենք ուզում անտեղի անհանգստացնել այն մայրերին, որոնց խորհուրդ է տրվում վիրահատվել բժշկական պատճառներով»,-ասում է ուսումնասիրության առաջատար հեղինակ Քրիստինա-Եվմորֆիա Կամպիթցին։ Սակայն նա հավելել է, որ եթե խոսքը լավ պատճառներով պլանավորված կեսարյան հատման մասին է, ապա հետազոտության արդյունքները, զուգորդված նման կերպ ծնված երեխաների ասթմայի, ալերգիայի և 1-ին տիպի շաքարախտի նախատրամադրվածության վերաբերյալ նախկինում ստացված տվյալների հետ, հիմք են տալիս մտածելու ընթացակարգի նպատակահարմարության մասին։
Հետազոտողները միաժամանակ քննարկել են հնարավոր մեխանիզմները, որոնք կբացատրեին՝ ինչու է պլանային, այլ ոչ թե անհապաղ կեսարյան հատումը կապված որոշակի պաթոլոգիաների առաջացման ռիսկի բարձրացման հետ, որոնք բոլորն առնչվում են իմունոլոգիական գործոններին։
Գիտնականները պատճառը տեսնում են այն փաստում, որ շտապ կեսարյան հատմանը նախորդում է բնական ծննդաբերության սկիզբը։ Մոր արգանդում գտնվող երեխան սթրես է ապրում և ենթարկվում է մոր հեշտոցային մանրէների ազդեցությանը, երբ պտղապարկը պատռվում է։ Պլանավորված կեսարյան հատման ժամանակ դրանցից ոչ մեկը տեղի չի ունենում։ Բժիշկների կարծիքով, հետագա հետազոտություններ են անհրաժեշտ՝ երեխաների շրջանում լեյկեմիայի զարգացմանը նպաստող գործոններն ավելի լավ ըմբռնելու համար։






