Արիզոնայի Առողջապահության Համալսարանի գիտնականները պարզել են, որ վիտամին D-ի, B12-ի, ֆոլաթթվի և մագնեզիումի պակասը կարող է կապված լինել քրոնիկ ցավի բարձր ռիսկի հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Pain Practice» ամսագրում։
Ուսումնասիրության ընթացքում օգտագործվել է ԱՄՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտների (NIH) «All of Us» տվյալների բազայից ստացված տեղեկատվություն, որը տեղեկատվություն է պարունակել հիվանդների առողջական վիճակի մասին։ Ծրագիրը ստեղծվել է 2015 թվականին՝ կամավորներից գենետիկական և բժշկական տվյալներ հավաքելու համար, ինչպես նաև բժշկության մեջ բեկումնային զարգացումներն արագացնելու նպատակով։
Փորձարկվողներին բաժանել են երեք խմբի։ Առաջին խմբում ընդգրկվել են այն մարդիկ, ովքեր չեն տառապում մշտական ցավից, իսկ երկրորդ և երրորդ խմբերում՝ չափավոր և ծանր քրոնիկ ցավ ունեցող մասնակիցները։ Ի տարբերություն սուր ցավի, որը սովորաբար առաջանում է վնասվածքի կամ հիվանդության հետևանքով և նվազում է ապաքինվելիս՝ քրոնիկ ցավը կարող է պահպանվել ամիսներ կամ նույնիսկ տարիներ։
Վերլուծությունը ցույց է տվել, որ քրոնիկ ցավ ունեցող մարդկանց մոտ զգալիորեն ավելի հաճախ են հանդիպում վիտամին D-ի, B12-ի, ֆոլաթթվի և մագնեզիումի դեֆիցիտները։ Ընդ որում, օրգանիզմում այս սննդանյութերի մակարդակի նվազումը փոխկապակցված է եղել ցավի ուժեղացման հետ։ Գիտնականները նաև պարզել են, որ քրոնիկ ցավի և տղամարդկանց մոտ վիտամին C-ի ցածր մակարդակի միջև նույնպես կապ կա։
Հետազոտության հեղինակները նշում են, որ ուսումնասիրությունը չի արտացոլում պատճառահետևանքային կապ այս երկու երևույթների միջև։ Սակայն նոր տվյալները կարող են հիմք դառնալ քրոնիկ ցավի ոչ դեղորայքային բուժման մեթոդների մշակման համար, օրինակ՝ դիետայի միջոցով։ Գիտնականները ենթադրում են, որ միկրոտարրերի հավասարակշռության բարելավումը ժամանակի ընթացքում կարող է օգնել նվազեցնել ցավի արտահայտվածությունը և ցավազրկող դեղամիջոցների անհրաժեշտությունը։






