Օքսիդատիվ սթրեսի ժամանակ FoxO1 սպիտակուցի ակտիվացումը կարող է հանգեցնել ձվարանների հատիկավոր բջիջների մահվան, որոնք ապահովում են ֆոլիկուլների զարգացումը և ձվաբջիջների հասունացումը։ Այս եզրակացությանն են հանգել Նանկինի ագրարային համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Animal Advances (AnAdv) ամսագրում։

Գիտնականները բացատրել են, որ հատիկավոր բջիջները առանցքային դեր են խաղում ձվարանների առողջության պահպանման գործում։ Երբ դրանցում կուտակվում են օքսիդատիվ սթրեսի հետ կապված վնասակար մոլեկուլներ՝ այս բջիջները սկսում են մահանալ։ Սա հանգեցնում է ձվարանների ծերացման և ֆոլիկուլների վաղաժամ սպառման՝ գործընթաց, որը հայտնի է որպես ատրեզիա։

Օքսիդատիվ սթրեսը մի վիճակ է, երբ օրգանիզմում կտրուկ աճում է ազատ ռադիկալների (անգործունակ մոլեկուլներ) քանակը, իսկ դրանք զսպելու մեխանիզմները դադարում են գործել։ Ազատ ռադիկալները քայքայում են բջիջների պատերը, ԴՆԹ-ն, հորմոնները, ֆերմենտները և այլ բաղադրիչներ՝ խաթարելով օրգանների ու համակարգերի աշխատանքը։

Հետազոտողները պարզել են, որ lnc2300 անունով երկար ոչ կոդավորող ՌՆԹ-ն հանդիսանում է կարևոր պաշտպանական մեխանիզմ։ Այն օգնում է հատիկավոր բջիջներին գոյատևել։ Սակայն սթրեսի ժամանակ այս մոլեկուլի մակարդակը կտրուկ նվազում է FoxO1 սպիտակուցի ակտիվացման պատճառով, որը ճնշում է lnc2300-ի սինթեզը։

Այս բացահայտումը կարող է հիմք դառնալ նոր թերապևտիկ մեթոդների համար, որոնք ուղղված կլինեն ձվարանների ծերացման դանդաղեցմանը, տարիքային անպտղության դեմ պայքարին և քիմիաթերապիայից հետո առաջացած վնասների նվազեցմանը։ Նաև այս հետազոտության տվյալները կարող են նպաստել այնպիսի դեղամիջոցների ստեղծմանը, որոնք արգելափակում են FoxO1-ի ազդեցությունը և բարձրացնում կանանց պտղաբերությունը։