Ռիբոնուկլեազ 4 (Rnase4) սպիտակուցը, որն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների կողմից, կարող է խթանել դրանց բաժանումը և օգնել վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը։ Այս եզրակացությանն են հանգել Չժեցզյանի համալսարանի հետազոտողները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Bulletin ամսագրում։
Նախկինում գիտնականներն արդեն փնտրել են մոլեկուլներ, որոնք ի վիճակի են գործարկել բետա-բջիջների՝ ինսուլինի գլխավոր «ֆաբրիկաների» բազմացումը։ Սակայն գրեթե բոլորը ստացվել են այլ օրգաններից։ Rnase4-ը դարձել է առաջին սպիտակուցը, որն արտադրվում է հենց ենթաստամոքսային գեղձում և անմիջականորեն ազդում է բջիջների վերականգնման վրա։
Նշվում է, որ ինսուլին հորմոնը թույլ է տալիս հյուսվածքների բջիջներին՝ հատկապես մկանային և ճարպային բջիջներին յուրացնել արյան գլյուկոզան։ Սա օգնում է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, ծախսել և պահեստավորել էներգիա։ Օրգանիզմում ինսուլինի կարգավորման խանգարումները վկայում են ներզատիչ համակարգի աշխատանքի խաթարումների մասին և կարող են հանգեցնել լուրջ հիվանդությունների, ինչպիսին է շաքարախտը։
Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ Rnase4-ի պակասի դեպքում Լանգերհանսի կղզյակները՝ ենթաստամոքսային գեղձի հորմոն արտադրող բջիջների կուտակումները, փոքրանում են։ Ընդ որում՝ ինսուլինի մակարդակն ընկնում է, իսկ արյան մեջ գլյուկոզան բարձրանում։ Ընդհակառակը, Rnase4-ի ներարկումը գործարկում է նույնիսկ վնասված բջիջների բաժանումը և կարգավորում է արյան մեջ շաքարի կոնցենտրացիան։
Գիտնականների խոսքով՝ մոլեկուլն ազդում է Axl ընկալիչի միջոցով՝ ակտիվացնելով ազդանշանային կասկադ, որը գործարկում է բջջային բաժանումը։
Հեղինակները կարծում են, որ Rnase4-ը կարող է հիմք դառնալ շաքարախտի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ տիպի բուժման նոր մեթոդների համար։ Սպիտակուցի ներմուծումը ենթաստամոքսային գեղձ թույլ կտա ոչ միայն փոխհատուցել բետա-բջիջների կորուստը, այլև վերականգնել դրանց աշխատանքը՝ թուլացնելով ինսուլինից կախվածությունը։






