Տյուբինգենի և Վյուրցբուրգի համալսարանների հետազոտողները պարզել են, որ սննդային բաղադրիչները, ներառյալ կոֆեինը կարող են աննկատ ազդել բակտերիաների՝ հակաբիոտիկների նկատմամբ կայունության վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS Biology ամսագրում։

Գիտնականների մի խումբ, ուսումնասիրելով 94 տարբեր միացություններ՝ սկսած հակաբիոտիկներից և դեղատոմսային դեղերից մինչև սննդային բաղադրիչներ, պարզել է, որ սննդակարգի տարբեր բաղադրիչները կարող են համակարգված կերպով ազդել Escherichia coli (E. coli) բակտերիայի գեների էքսպրեսիայի վրա։ Այս գեները վերահսկում են փոխադրող սպիտակուցների աշխատանքը, որոնք կարգավորում են, թե որ մոլեկուլներն են ներթափանցում բակտերիալ բջիջ, իսկ որոնք դուրս են բերվում։ Սա նշանակում է, որ որոշակի սննդային բաղադրիչներ, ինչպիսին է կոֆեինը, կարող են փոփոխել բակտերիաների՝ հակաբիոտիկների նկատմամբ զգայունությունը։

Հետազոտողներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել կոֆեինին։ Պարզվել է, որ այն ակտիվացնում է Rob գեն-կարգավորիչը, որը փոփոխությունների շղթա է գործարկում E. coli բակտերիայի տրանսպորտային համակարգում։ Սա, իր հերթին, նվազեցնում է հակաբիոտիկների, ինչպիսին է ցիպրոֆլոքսացինը՝ ներծծումը և թուլացնում դրանց ազդեցությունը։ Այսպիսի փոխազդեցությունը գիտնականներն անվանում են անտագոնիստական։

Գիտնականները նշել են, որ նմանատիպ ազդեցություն չի դիտվել Salmonella enterica-ի մոտ, որը E. coli-ի մոտ ազգականն է։ Salmonella enterica-ի բազմաթիվ շճատիպեր մարդու հիվանդությունների հարուցիչներ են, ներառյալ որովայնային տիֆը, պարատիֆը, սալմոնելոզը։ Սա ընդգծում է, որ նույնիսկ նմանատիպ միկրոօրգանիզմների մոտ արձագանքը արտաքին խթաններին կարող է տարբերվել, հավանաբար՝ նրանց փոխադրող համակարգերի աշխատանքի առանձնահատկությունների պատճառով։

«Մեր տվյալները ցույց են տալիս, որ նույնիսկ պարզ միացություններն ունակ են նրբորեն, բայց հետևողականորեն ազդել բակտերիալ գեների վրա», — նշել է հետազոտության համահեղինակ Քրիստոֆ Բինսֆելդը։

Գիտնականները շեշտում են, որ «ցածր մակարդակի» կայունության (որը պայմանավորված է ոչ թե մուտացիաներով, այլ բակտերիաների վարքային հարմարվողականությամբ) ըմբռնումը կարող է առանցքային դեր խաղալ վարակների բուժման նոր մոտեցումների մշակման գործում։