Իլինոյսի համալսարանի գիտնականները Ուրբանա-Շամփեյնում մշակել են նոր բիոգել, որն ունակ է արագացնել հյուսվածքների՝ մկաններից մինչև ներքին օրգանների վերականգնումը։

Նոր հայտնագործության մասին հոդվածը հրապարակվել է Matter ամսագրում։

Գելը ստեղծվել է արտաբջջային մատրիցի (ECM) հիման վրա, որը սովորաբար շրջապատում է օրգանիզմի բջիջները և առանցքային դեր է խաղում վերականգնման գործում։

Ի տարբերություն ավանդական գելերի՝ այս նյութը ոչ միայն լրացնում է վնասված հատվածը, այլև ակտիվորեն փոխազդում է բջիջների հետ՝ «հուշելով» նրանց, թե ինչպես ճիշտ աճել և վերականգնվել։

Կենդանիների վրա կատարված փորձարկումները տպավորիչ արդյունքներ են տվել. գել քսելուց հետո վնասված հյուսվածքները վերականգնվել են զգալիորեն ավելի արագ և ավելի քիչ սպիներով։

Գիտնականների հիմնական նպատակներից մեկն է այս տեխնոլոգիան հարմարեցնել սրտի՝ ինֆարկտից հետո վերականգնմանը, ինչպես նաև քրոնիկ վերքերի և հենաշարժական համակարգի վնասվածքների բուժման համար։ Ապագայում մշակումը կարող է ռեգեներատիվ բժշկության անհատականացված մեթոդների հիմք դառնալ։

Մշակումն արդեն հետաքրքրություն է առաջացրել կլինիկական մասնագետների և կենսատեխնոլոգիական ընկերությունների շրջանում։ Եթե ամեն ինչ ըստ պլանի ընթանա՝ առաջիկա տարիներին կսկսվեն մարդկանց վրա կատարվելիք կլինիկական փորձարկումները։

ECM հիմքի վրա ստեղծված գելը քայլ է դեպի «խելացի» բժշկություն, որտեղ օրգանիզմը վերականգնվում է ոչ թե մեխանիկական միջամտությունների, այլ բուն բնության մեջ ներդրված «հուշումների» միջոցով։