GLP-1 ագոնիստների դասի քաշի կորստի դեղամիջոցները, ինչպիսին է «Օզեմպիկը», կարող են թեթևացնել ասթմայի ախտանիշները գերծանր քաշ ունեցող պացիենտների մոտ։ Այս եզրակացությանն են հանգել Աբերդինի համալսարանի և Սինգապուրի Դիտորդական և պրագմատիկ հետազոտությունների ինստիտուտի (OPRI) գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Advances in Therapy» ամսագրում։

Հետազոտողները վերլուծել են ավելի քան 60 հազար ասթմայով հիվանդների առողջական տվյալներ։ Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր GLP-1 դեղամիջոցներ են ստացել՝ նվազել է ստերոիդների և ասթմայի ախտանիշները վերահսկելու համար նախատեսված այլ դեղամիջոցների անհրաժեշտությունը։ Այս արդյունավետությունը պահպանվել է նույնիսկ քաշի աննշան միջին կորստի դեպքում՝ ընդամենը 0,9 կիլոգրամով։ 

Հետազոտողները ազդեցությունը կապում են GLP-1-ի հակաբորբոքային հատկությունների հետ, որոնք գործում են այլ կերպ, քան ավանդական ստերոիդային դեղորայքը։ Սա հատկապես կարևոր է ավելորդ քաշ ունեցող հիվանդների համար, որոնց մոտ ասթման հաճախ ընթանում է ավելի ծանր ու ավելի դժվար է ենթարկվում ստանդարտ բուժմանը։

Հայտնի է, որ ճարպային հյուսվածքը ուղղակի ճնշում է գործադրում թոքերի վրա՝ դժվարացնելով շնչառության գործընթացը։ Ճարպը, կուտակվելով շնչուղիների պատերում, առաջացնում է դրանց հաստացում՝ նվազեցնելով օդի շարժման համար նախատեսված տարածքը։ Փողի նեղացումը, իր հերթին, նպաստում է բորբոքման զարգացմանը։ Այս մեխանիզմը բացատրում է ոչ միայն ասթմայի, այլև շատ այլ շնչառական հիվանդությունների զարգացումը։

Գիտնականները նշում են, որ GLP-1 դեղամիջոցները կարող են դիտարկվել որպես շնչառական հիվանդությունների բուժման նոր մոտեցում: Լրացուցիչ կլինիկական փորձարկումները կօգնեն ավելի ճշգրիտ գնահատել դրանց արդյունավետությունը ասթմայի դեպքում: