Մարշալի համալսարանին առընթեր Ջոան Էդվարդսի անվան բժշկական դպրոցի հետազոտողների անցկացրած նոր ուսումնասիրությունը ենթադրում է, որ աղիքային միկրոբիոմի որոշակի կողմնակի մթերքներ կարող են խոստումնալից լինել որպես ճարպակալմանն առնչվող նյութափոխանակության բարդությունների նոր թերապիաներ՝ վերականգնելով աղիների հիմնական հորմոն արտադրող կարևոր բջիջները:

International Journal of Molecular Sciences գիտական հանդեսում հրապարակված ուսումնասիրությունը կենտրոնանում է էնտերոէնդոկրին բջիջների (EEC) վրա՝ աղիների մասնագիտացված բջիջների, որոնք կարևոր դեր են խաղում նյութափոխանակության կարգավորման գործում՝ արտազատելով հորմոններ, մասնավորապես՝ գլյուկագոնանման պեպտիդ-1-ը (GLP-1), որոնք խթանում են ինսուլինի արտազատումը և ճնշում ախորժակը։

Ճարպակալման դեպքում այս բջիջների քանակը և գործառույթը նվազում են, ինչը նպաստում է ինսուլինային դիմադրությանը և վատ նյութափոխանակությանը։ Գիտնականները հետազոտել են, թե ինչպես կարող են սննդային տրիպտոֆանից (սպիտակուցներով հարուստ սննդամթերքներում պարունակող ամինաթթու) ստացված մանրէային մետաբոլիտներն օգնել վերականգնելու EEC-ի մակարդակը։ Մասնավորապես, նրանք ուսումնասիրել են ինդոլի՝ աղիքային մանրէների կողմից արտադրվող տրիպտոֆանի հիմնական մետաբոլի, ազդեցությունը աղիքային ցողունային բջիջների՝ էնտերոէնդոկրին բջիջների դիֆերենցիացիայի վրա։

Օգտագործելով մարդու աղիքային օրգանոիդների՝ «մինի-աղիքներ» անվամբ հայտնի և առնետների մոդելների համադրությունը, հետազոտական խումբը պարզել է, որ ճարպակալումը հանգեցնում է աղիներում հորմոններ արտադրող բջիջների քանակի զգալի՝ մոտ 60%-ով կրճատման։

Սակայն, երբ մարդու աղիքային օրգանոիդները մշակվեցին ինդոլով կամ տրիպտոֆանում աճեցված պրոբիոտիկ բակտերիալ շտամով, այդ բջիջների քանակը կրկնապատկվեց։ Այդ ազդեցությունն արգելափակվեց, երբ ածխաջրածնային ընկալիչ (AhR) կոչվող որոշակի բջջային ընկալիչն անջատվեց, ինչը ենթադրում է, որ այդ ուղին գործընթացում կարևոր դեր է խաղում։

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ սննդային տրիպտոֆանից ստացված մանրէային մետաբոլիտները կարող են հակադարձել հորմոն արտազատող աղիքային բջիջների ճարպակալմաննմ առնչվող անկմանը», -պատմում է Ջոան Էդվարդսի անվան բժշկական դպրոցի կենսաբժշկական գիտությունների դոցենտ, ուսումնասիրության գլխավոր հետազոտող և թղթակից հեղինակ Ալիպ Բորտակուրը։ -Դա մատնանշում է պոտենցիալ թերապևտիկ ռազմավարության մասին, որն օգտագործում է աղիքային միկրոֆլորաները՝ ճարպակալման դեպքում նյութափոխանակության պարամետրերը բարելավելու համար»։

Հետազոտությունը տրամադրում է հիմնարար տվյալներ՝ ճարպակալումից տառապող անձանց շրջանում ինկրետին հորմոնների արտադրությունը մեծացնելու, գլյուկոզի նյութափոխանակությունը բարելավելու և ախորժակը կարգավորելու համար միկրոբիոտային ուղղված միջամտությունների, մասնավորապես՝ պրոբիոտիկների կամ սննդային մոտեցումների մշակումն աջակցելու համար։