Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ ամենօրյա քայլքի տեմպի ավելացումը կարող է զգալիորեն նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Preventive Medicine (AJPM) բժշկագիտական հանդեսում:

Գիտնականները վերլուծել են ԱՄՆ-ի հարավ-արևելյան նահանգների՝ ցածր եկամուտ ունեցող մարդկանց գերակշռող շրջանների ավելի քան 79 հազար բնակիչների առողջության և ֆիզիկական ակտիվության վերաբերյալ տվյալները: Հետազոտողները գնահատել են մասնակիցների քայլքի տևողությունը և ինտենսիվությունը, ապա համեմատել ցուցանիշները դիտարկման տարիների ընթացքում մահացության մակարդակի հետ:

Պարզվել է, որ օրական ընդամենը 15 րոպե արագ քայլելը գրեթե 20%-ով նվազեցրել է վաղաժամ մահվան ռիսկը: Միևնույն ժամանակ, երեք ժամ դանդաղ քայլելն ունեցել է ավելի քիչ արտահայտված պաշտպանիչ ազդեցություն: Քայլելու տեմպն ամենամեծ ազդեցությունն է ունեցել սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկի վրա:

«Արագ քայլքի կողմից ապահովվող աէրոբիկ ակտիվությունը բարելավում է սրտի աշխատանքը, մեծացնում է հյուսվածքներին թթվածնի մատակարարումը և օգնում է վերահսկել մարմնի քաշը, արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը», - պարզաբանում են հեղինակները:

Գիտնականների բնորոշմամբ՝ արդյունքներն ընդգծում են պարզ ֆիզիկական ակտիվության մատչելիությունն ու արդյունավետությունը խրոնիկական հիվանդությունների դեմ պայքարում, հատկապես սոցիալապես խոցելի խմբերի շրջանում։