Ամերիկացի գիտնականները լյարդի վնասումը զգալիորեն խորացնող նոր գործոն են բացահայտել: Լուիսվիլի համալսարանի մասնագետների անցկացրած և Toxicological Sciences գիտական հանդեսում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ ոգելից խմիչքի և այսպես կոչված «հավերժական քիմիական նյութերի» համաժամանակյա ազդեցությունը լյարդի աշխատանքում լուրջ խանգարում կարող է առաջացնել:
Խոսքը PFOS-ի (Perfluorooctanesulfonic acid) մասին է, որը ՊՖԱՍ խմբի (պերֆտորալկիլ և պոլիֆտորալկիլ սինթետիկ օրգանոֆտորֆտոր միացություններ) ամենատարածված անդամներից մեկն է, որը տասնամյակներ շարունակ օգտագործվել է չկպչող խոհանոցային սպասքի, փաթեթավորման և ջրամեկուսիչ պարագաների արտադրության մեջ: Այդ նյութերը գործնականում չեն քայքայվում, կուտակվում են օրգանզիմում և կարող են այնտեղ մնալ տարիներ շարունակ:
Կենդանիների վրա փորձարկումների ժամանակ հետազոտողները մոդելավորել են ալկոհոլի և PFOS-ի համաժամանակյա ազդեցությունը: Արդյունքները ցույց են տվել. ալկոհոլի հետ համատեղ այդ նյութերը զգալիորեն ուժեղացնում են լյարդի ճարպային ներթափանցումը, խաթարում նյութափոխանակության գործընթացները, ակտիվացնում օքսիդատիվ սթրեսի և ուռուցքագոյացմանն առնչվող գեները: Հատկապես մտահոգիչ է այն, որ կուտակված PFOS-ի շաւրջ 60%-ը կենտրոնացած է հատկապես լյարդում՝ ալկոհոլի ազդեցության նկատմամբ ամենախոցելի օրգանում:
Հետազոտողները կարծում են, որ PFOS-ը կարող է լինել այն բացակայող օղակը, որով կարելի է բացատրել, թե ինչու են որոշ մարդիկ ալկոհոլի օգտագործման հավասար մակարդակի դեպքում լյարդի ծանր վնասում ունենում, մինչդեռ մյուսները՝ ոչ։
Հեղինակներն ընդգծում են հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը, դրանց թվում՝ ալկոհոլի և PFAS-ի համակցված վնասը նվազեցնելու ունակ դեղամիջոցների մշակման ոլորտում։ Մինչև նման լուծումների հասանելի դառնալը, նրանք խորհուրդ են տալիս նվազագույնի հասցնել շփումը «հավերժական քիմիական նյութերի» հետ՝ առաջարկելով ընտրել չժանգոտվող պողպատե խոհանոցային պարագաներ, օգտագործել ջրի ֆիլտրեր, խուսափել ոչ կպչուն ծածկույթով փաթեթավորումից և նախապատվությունը տալ PFAS-free պիտակով խոհանոցային պարագաներին։






