UC Davis Health-ի հետազոտողները հայտնաբերել են, որ աղիքային բակտերիաների կողմից արտադրվող մի մոլեկուլ ունակ է վերականգնել վնասված լյարդը և բուժել աղիքների պատերը՝ աֆլատոքսինի ազդեցությունից հետո։ Աֆլատոքսինը բորբոսնման սնկերի արտադրած թույն է, որը հաճախ հանդիպում է գետնախնձորում, եգիպտացորենում և այլ գյուղատնտեսական մշակաբույսերում։ Հետազոտությունը հրապարակվել է mBio գիտական ամսագրում։

Խոսքը 10-հիդրոքսի-ցիս-12-օկտադեցենոիկ թթվի (10-HSA) միացության մասին է, որն արտադրում են Lactobacillus ցեղի բակտերիաները։ Մկների վրա կատարված փորձերի ժամանակ նյութն ամբողջությամբ վերացրել է աֆլատոքսին B1-ի հետևանքով առաջացած լյարդի և աղիքների վնասվածքները. վերականգնվել է աղիքային էպիթելիալ պատնեշը, կարգավորվել են հիմնական լեղաթթուների մակարդակները, բարելավվել են լյարդի՝ նյութափոխանակության և դետոքսիկացիայի հետ կապված գործառույթները և կայունացել են աղիքների իմունային գործընթացները։

10-HSA-ն ակտիվացնում է PPARα սպիտակուց, որը պատասխանատու է ճարպերի նյութափոխանակության կարգավորման համար և գործում է առանց սինթետիկ դեղամիջոցների կողմնակի ազդեցությունների։ Գիտնականները հույս ունեն, որ այս մոլեկուլի հիման վրա հնարավոր կլինի ստեղծել անվտանգ հավելում՝ լյարդի վնասվածքների կանխարգելման և բուժման համար, հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ սնունդը աֆլատոքսինով աղտոտվելու մեծ ռիսկ ունի։

Թիմի առաջիկա ծրագրերում է մարդկանց մոտ կլինիկական փորձարկումների նախապատրաստումը, որոնք ունեն լյարդի ճարպային հիվանդություն կամ նյութափոխանակության խանգարումներ։ Հեղինակներն ընդգծում են, որ հայտնագործությունը կարող է քայլ լինել դեպի «միկրոբիոմից ստացված դեղամիջոցների» ստեղծումը, որոնք աշխատում են առավելագույն ճշգրտությամբ և անվտանգությամբ։