Զանգվածային լրատվամիջոցներում այս օրերին բազմաթիվ անդրադարձներ եղան «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման շուրջ։
ՀՀ առողջապահության նախարարությունը բարեփոխմանը կողմ է, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունն օրենսդրական այս փոփոխությունը հիմնավորում է դեղերի շուկայում ստվերի վերացման եւ մրցակցային դաշտ ստեղծելու անհրաժեշտությամբ: Կեղծ կամ չգրանցված դեղերը շրջանառվում են ստվերում` դուրս մնալով փորձագիտական անհրաժեշտ վերահսկողությունից։ ՀՀ առողջապահության նախարարությունը, լինելով բնակչությանն արդյունավետ, անվտանգ եւ որակյալ դեղերով ապահովելու երաշխավորը, շահագրգիռ է, որ շուկան զերծ մնա կեղծ, չգրանցված դեղերից։
Ինչ վերաբերում է դրոշմապիտակավորման ներդրմամբ դեղերի գների բարձրացմանը, ապա հարկային օրենսդրությամբ դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարները պակասեցվում են հարկ վճարողի ունեցած հարկային պարտավորություններից: Դրոշմապիտակավորման վրա կատարվող ծախսերն այնքան մեծ չեն, որ ազդեցություն ունենան ապրանքի գնի վրա: Մասնագիտական հաշվարկներով դրոշմապիտակավորումը կարող է հանգեցնել դեղերի 2-5 դրամի թանկացման։
Առողջապահության նախարարությունում բազմաթիվ քննարկումներ են եղել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի, ոլորտին առնչվող այլ հարցերի, այդ թվում` դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման վերաբերյալ։ Դրանց մշտապես մասնակից են եղել շահագրգիռ բոլոր կողմերը, նարառյալ` դեղ ներկրող եւ արտադրող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները:
Հանրապետության բնակչությանը որակյալ, արդյունավետ, անվտանգ եւ մատչելի դեղերով ապահովելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դեղագործական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ համատեղ հուշագիր ստորագրելու նախաձեռնություն է հանդես բերել: Փաստաթղթի ստորագրումը միտված է Հայաստանում դեղերի շրջանառության ոլորտում պետական քաղաքականության իրականացման նպատակով պետական եւ մասնավոր հատվածների միջեւ կառուցողական ու փոխշահավետ համագործակցությանը` որդեգրելով բաց եւ թափանցիկ գործելաոճ, համատեղ քննարկումների միջոցով փոխհամաձայնության գալու սկզբունք: Այն արդեն ստորագրվել է դեղ ներկրող եւ արտադրող ավելի քան 15 կազմակերպության կողմից։
ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստակամ է բնակչությանը որակյալ, արդյունավետ, անվտանգ եւ մատչելի դեղերով ապահովելու համար առավել բարենպաստ միջավայրի ձեւավորմանը, կնպաստի այդ ուղղությամբ առաջարկների քննարկմանը, սակայն ոչ երբեք դեղերի գների բարձրացման միջոցով` սպառողների հաշվին:






