«Նիկոտինի մի կաթիլը ձի կսպանի» առասպելական արտահայտությունը վաղուց արմատավորված է եղել հանրային գիտակցության մեջ՝ որպես ծխելու բացառիկ վնասի պատկերավոր օրինակ: Սակայն այս արտահայտությունը, որը տասնամյակներ շարունակ օգտագործվել է ծխելու դեմ պայքարի քարոզչության մեջ, պարզվել է, որ հորինվածք է, հաղորդում է Zakon.kz-ն:

Այս հարցին պատասխանել է ավստրիացի դեղագետ Բերնդ Մայերը իր «Որքա՞ն նիկոտինն է սպանում մարդուն։ Ընդունված թյուր կարծիքներ մահաբեր չափաբաժնի մասին կամ 19-րդ դարի կասկածելի ինքնափորձերի արդյունքները» գիտական աշխատանքում։ Նա պարզել է, որ առասպելի ծագումը գալիս է գերմանացի ֆարմակոլոգ Ռուդոլֆ Կոբերտի (1906 թ.) աշխատություններից, որը հղում էր անում 19-րդ դարի միակողմանի, չհաստատված ինքնփորձարկումների։ Հետագայում այս ոչ գիտական տվյալները տարածվել են միլիոնավոր մարդկանց շրջանում՝ առանց ապացույցների։

Հետաքրքիր է, որ մահաբեր նիկոտինի կաթիլի նարատիվը տարածվել է խորհրդային հակածխախոտային քարոզչության կողմից․ 1930-ականների ագիտացիոն պաստառներում նիկոտինի կաթիլը սպանում էր… նապաստակներ։ 30 տարվա ընթացքում նապաստակները «մեծացան»՝ դառնալով ձիեր, և 1959 թվականին Ալեքսանդր Շտեյնի «Գարնանային ջութակներ» կատակերգությունում կերպարը, առաջարկելով սիգարետ, նշում է․ «Բայց նկատի ունեցեք՝ նիկոտինի կաթիլը ձի է սպանում»։ Այսպիսով, հորինված ու հեգնական արձագանքը հակածխախոտային քարոզչությանը ժամանակի ընթացքում ընկալվել է որպես «բժշկական փաստ», նշվում է հոդվածում։

«Միայն դոզան է որոշում՝ նյութը թույն է, թե ոչ». Այս արտահայտությունը միջնադարյան շվեյցարացի բժիշկ Պարացելսինն է և վերաբերում է բոլոր նյութերին։

«Գիտականորեն ապացուցված է, որ նիկոտինը չի հանդիսանում ծխելու հետ կապված հիվանդությունների հիմնական պատճառ։ Այն քաղցկեղածին չէ (չի առաջացնում ուռուցքաբանական հիվանդություններ), սակայն երկարատև օգտագործման դեպքում առաջացնում է կախվածություն։ Ծխելու վնասը և դրա հետևանքով առաջացող բացասական հետևանքները պայմանավորված են օրգանիզմի վրա մշտական ազդեցությամբ, որը գալիս է ծխի մեջ պարունակվող այրման արդյունքներից (փոշիներ, քաղցկեղածին նյութեր, ածխածնի մոնօքսիդ և այլն)։ Նիկոտինը պատասխանատվություն չի կրում ծխելու վնասակար ազդեցության համար, և այդ պատճառով մարդիկ արդեն երկար տարիներ օգտագործում են դրա վրա հիմնված փոխարինող թերապիան», – նշում է սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, սրտային վիրաբուժության անկախ հավատարմագրված փորձագետ Կուատ Աբզալիևը։

Դեղագետ Բերնդ Մայերը իր աշխատանքում նշում է նիկոտինի մահացու դոզայի վերաբերյալ կլինիկական հետազոտությունները, ըստ որոնց՝ այն կազմում է 0.5-ից 1 գրամ, իսկ բերանով ընդունման դեպքում՝ 6.5-ից 13 մգ մեկ կգ մարմնի քաշի համար։ Այսինքն՝ միջինում 80 կգ քաշ ունեցող մարդը պետք է միանգամից ծխի մոտ 280 սիգարետ, որպեսզի ստանա մահացու թունավորում։ Այստեղ կարելի է զուգահեռ անցկացնել ալկոհոլի հետ․ եթե մարդը միանգամից խմի 10 լիտր ուժեղ ալկոհոլային խմիչք, նա կստանա ծանր ինտոքսիկացիա, իսկ մեծ մասում՝ մահացու ելք։ Սակայն ոչ ոք չի ասում, որ մեկ կաթիլ ալկոհոլը մահացու է, թեև այդ դեպքում դուք հաստատ մոտենում եք լուրջ հիվանդություններին՝ ի տարբերություն նիկոտինի։