Նոր ուսումնասիրության համաձայն՝ երիտասարդների մոտ քնի հետ կապված ռիսկերն ավելի բարդ են, քան նախկինում էին կարծում։ Մերդոկի համալսարանի կողմից իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ քնի փոխկապակցված խնդիրները կարող են մեծացնել ճանապարհատրանսպորտային պատահարների և աշխատավայրում դժբախտ դեպքերի հավանականությունը։
«Քնի խանգարման, քնի պակասի և հերթափոխով աշխատանքի հավելյալ փոխազդեցությունները ճանապարհային և աշխատանքային անվտանգության միջադեպերի վրա. պատահականության կշռված պատճառահետևանքային վերագրման մոտեցում» վերնագրով ուսումնասիրությունը հրապարակվել է «Sleep Medicine» ամսագրում։
Նախկինում կատարված ուսումնասիրությունները հիմնականում կենտրոնացած են եղել քնի պակասի վրա, որպես երիտասարդ վարորդների մոտ ճանապարհատրանսպորտային և արտադրական վթարների հիմնական պատճառ։ Սակայն, Raine-ի հետազոտության շրջանակներում վերջերս հրապարակված արդյունքները ցույց են տվել, որ քնի խանգարումները և հերթափոխային աշխատանքը նույնպես ուժեղ ազդեցություն են ունենում երիտասարդների վրա։
Հետազոտության ընթացքում հարցում է անցկացվել 22 տարեկան և բարձր 439 երիտասարդ ավստրալացիների շրջանում՝ քնի տարածված խանգարումների վերաբերյալ, ինչպիսիք են անքնությունը, օբստրուկտիվ քնի ապնոեն և անհանգիստ ոտքերի համախտանիշը: Տեղեկատվություն է հավաքագրվել նաև հերթափոխով աշխատանքի, քնի սովորությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների և աշխատավայրում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ:
«Այս գործոնները մեծապես անտեսվել են երիտասարդների շրջանում ճանապարհային անվտանգության ուսումնասիրությունների ընթացքում: Մեր հետազոտության շրջանակում հարցվածների 16%-ը նշել է, որ քնել է ղեկի մոտ, 23%-ը քնկոտության պատճառով գոնե մեկ անգամ հազիվ է խուսափել ճանապարհատրանսպորտային պատահարից, իսկ քնի պակասը ավելի քան կրկնակի անգամ մեծացրել է ղեկի մոտ քնելու հավանականությունը: Մենք նաև պարզել ենք, որ քունը խանգարող երեք գործոնների առկայությունը, այդ թվում՝ քնի խանգարումները, քնի պակասը և հերթափոխային աշխատանքը, ավելի մեծ ազդեցություն են ունեցել քնկոտության հետ կապված ճանապարհատրանսպորտային պատահարների վրա, քան քունը խանգարող ցանկացած գործոն առանձին վերցրած: Մեր արդյունքները ցույց են տալիս, որ քնի հետ կապված բոլոր երեք գործոնները և դրանց փոխազդեցությունը պետք է հաշվի առնվեն երիտասարդների շրջանում ճանապարհային և աշխատանքային անվտանգության ապագա միջոցառումները պլանավորելիս», - նշել է հետազոտության հեղինակ, դոկտոր Քելլի Սենսոմը:






