Կալիֆորնիայի համալսարանի Սանֆորդի ցողունային բջիջների ինստիտուտի գիտնականները պարզել են, որ տիեզերական թռիչքն արագացնում է հեմատոպոետիկ ցողունային և պրոգենիտոր բջիջների (HSPC) ծերացումը, որոնք կենսականորեն կարևոր են արյունաստեղծման և իմունային համակարգի համար։
Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Stem Cell ամսագրում։
Օգտագործելով «SpaceX»-ի կողմից Միջազգային տիեզերական կայան իրականացրած չորս առաքելությունների ժամանակ արհեստական բանականության միջոցով ղեկավարվող նանոկենսառեակտորների ավտոմատացված համակարգեր, գիտնականները կարողացել են իրական ժամանակում հետևել բջիջներում տեղի ունեցող փոփոխություններին՝ սկսած առողջ բջիջներ ձևավորելու ունակության նվազումից մինչև ԴՆԹ-ի վնասման աճը և քրոմոսոմների ծայրերի կարճացումը, որոնք արագացված ծերացման բնորոշ նշաններ են։
Ըստ Սանֆորդի ցողունային բջիջների ինստիտուտի տնօրեն, դոկտոր Քեթրիոնա Ջեյմիսոնի՝ «Տիեզերքը մարդու մարմնի համար ամենամեծ սթրեսային թեստն է։
Մեր արդյունքները ցույց են տալիս, որ միկրո և գալակտիկական ճառագայթումն իսկապես արագացնում է արյունաստեղծ ցողունային բջիջների մոլեկուլային ծերացումը, ինչը կարևոր է ինչպես տիեզերագնացների պաշտպանության, այնպես էլ Երկրի վրա ծերացման ու հիվանդությունների, օրինակ՝ քաղցկեղի, մոդելավորման համար»։
Նախորդ ուսումնասիրությունները, ներառյալ հայտնի «ՆԱՍԱ-ի Երկվորյակների ուսումնասիրությունը», արդեն բացահայտել են փոփոխություններ իմունային ֆունկցիայի և թելոմերների երկարության մեջ՝ տիեզերքում երկար մնալուց հետո։ Սակայն նոր ուսումնասիրությունները լրացնում են բացը։ Դրանք կենտրոնացել են հատկապես ցողունային բջիջների վրա՝ բացահայտելով մեխանիզմները, այն, ինչ նախորդ դիտարկումները միայն ակնարկում էին, բայց մինչև վերջ չէին կարող բացատրել։
Մասնավորապես, տիեզերքում 32-ից 45 օր գտնված բջիջները ցույց են տվել չափազանց մեծ ակտիվություն, պահեստային ռեսուրսների սպառում և վերականգնվելու ունակության կորուստ, ինչը ցողունային բջիջների հիմնական հատկանիշն է։ ԴՆԹ-ի վնասումը և թելոմերների կարճացումն ավելի ու ավելի են արտահայտվել։ Նկատվել է նաև բորբոքային սթրես միտոքոնդրիումներում և գենոմի «քնած» հատվածների ակտիվացում, ինչը կարող է թուլացնել իմունային ֆունկցիան և մեծացնել հիվանդությունների ռիսկը։
Ոգեշնչող փաստն այն է, որ վնասվածքների մի մասը հնարավոր է շրջել. երբ տիեզերքում գտնված բջիջները վերադարձվել են երիտասարդ առողջ միջավայր, որոշ բնութագրեր զգալիորեն բարելավվել են, ինչը նշանակում է, որ արդյունավետ միջոցներով հնարավոր է վերականգնել դրանց գործառույթները։
Այս բացահայտումները կարևոր են ոչ միայն ապագա տիեզերագնացների անվտանգության, այլև Երկրի վրա տարիքային գործընթացները հասկանալու համար։ Տիեզերքը դառնում է ծերացման արագացված լաբորատորիա՝ թույլ տալով գիտնականներին շատ ավելի արագ ուսումնասիրել հիվանդությունները և փորձարկել հնարավոր հակազդումները։






