Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ արագացված կենսաբանական ծերացումը կապված է ճանաչողական կարողությունների ավելի ցայտուն անկման հետ, հատկապես ցածր եկամուտ ունեցող ընտանիքներում մեծացած մարդկանց մոտ։ Աշխատանքը հրապարակվել է Aging բժշկագիտական հանդեսում:
Հետազոտողները օգտագործել են այսպես կոչված «էպիգենետիկ ժամացույցը», որը հնարավորություն է տալիս գնահատել մարդու կենսաբանական տարիքը՝ հիմնվելով բնորոշ քիմիական ԴՆԹ մարկերների վրա։ Եթե այն ավելի բարձր է, քան անձնագրային տարիքը, ուրեմն վկայում են «արագացված ծերացման» մասին։ Վերլուծությունը ներառել է մոտ 300 մասնակից, որոնց IQ-ն չափվել է մանկության տարիներին, իսկ միջին տարիքում թեստը կրկնվել է և արյան նմուշներ են վերցվել։
Պարզվել է, որ նոր, «երկրորդ սերնդի» էպիգենետիկ ժամացույցը (PhenoAge и GrimAge), որը մշակվել է հիվանդության և մահացության ռիսկը հաշվի առնելով, լավագույնս կանխատեսում է IQ-ի նվազումը մինչև 50 տարեկանը։ Ավելին, այդ ազդեցությունը պահպանվել է նույնիսկ նույն ընտանիքում մեծացած նույնական երկվորյակների շրջանում. ավելի բարձր կենսաբանական տարիք ունեցողը ճանաչողական գործառույթների ավելի ուժեղ անկում է ցույց տվել:
Ամենամեծ խոցելիությունը հայտնաբերվել է անապահով ընտանիքների մարդկանց շրջանում. հեղինակների կարծիքով՝ վաղ սոցիալական սթրեսը մեծացնում է արագացված ծերացման երկարաժամկետ հետևանքները։
Գիտնականներն ընդգծում են, որ աշխատանքը հիմք է տալիս ենթադրելու, որ կենսաբանական տարիքի ԴՆԹ-ի միջոցով հետևումը և վաղ սոցիալական միջավայրին ուշադրություն դարձնելը կօգնի ավելի ճշգրիտ գնահատել դեմենցիայի և տարիքային այլ խանգարումներին առնչվող ռիսկերը։






