Նոր բաներ սովորելու ցանկությունն անմիջականորեն կապված է դեմենցիայի զարգացման ավելի ցածր ռիսկի հետ։ Դրա մասին բրիտանական The Guardian պարբերականին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ Արևմտյան Կարոլինայի համալսարանի հոգեբանության դոցենտ Մերի Ուոթլին։

Ըստ գիտնականի՝ ծերության շրջանում նոր գիտելիքների նկատմամբ հետաքրքրությունը պահպանող մարդիկ ավելի հակված են ուղեղի համար օգտակար ապրելակերպ վարելուն։ Նրանք շարունակում են ուսումնասիրել, ժամանակ անցկացնել բնության գրկում և ակտիվ շփում պահպանել հասակակիցների հետ։ Այդ սովորությունները, ըստ Ուոթլիի, օգնում են ավելի երկար պահպանել ճանաչողական առողջությունը։

Ավելի վաղ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նստակյաց ապրելակերպը և սոցիալական մեկուսացումը արագացնում են մտավոր անկումը, հատկապես տարեց մարդկանց շրջանում։ Փաստն այն է, որ շարունակ տանը մնալը հանգեցնում է ճանաչողական զրկանքի, այսինքն՝ մեզ շրջապատող աշխարհի մասին տեղեկատվության դեֆիցիտի։ Արդյունքում, նեյրոհաղորդիչների ակտիվությունը նվազում է, և ճանաչողական պաշարները սպառվում են։

Միևնույն ժամանակ, հոգեբանը նշել է, որ տարիքի հետ նոր բաների նկատմամբ հետաքրքրությունը աստիճանաբար նվազում է բոլորի շրջանում։ Սովորաբար առաջին փոփոխությունները նկատելի են դառնում 40 տարեկանում: Հետագայում որոշ մարդկանց շրջանում հետաքրքրասիրությունը կարող է կրկին աճել, մինչդեռ մյուսների շրջանում այն շարունակում է մարել: