Նյարդաբանական հիվանդություններն ազդում են աշխարհի միլիոնավոր մարդկանց վրա, և և բուժառուի համար երկարատև, հարմարավետ ու անվտանգ բուժման եղանակների անհրաժեշտությունը գնալով ավելի հրատապ է դառնում։

Ասեղներով ավանդական ներարկումները մնում են թերապիայի ստանդարտը, սակայն կանոնավոր ներարկումները հաճախ ցավ և անհարմարություն են պատճառում։ Խոստումնալից լուծումներից մեկը միկրոասեղներն են՝ միկրոնաչափ ասեղներով համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս դեղորայքն անցավ ներարկել։ Սակայն, գոյություն ունեցող միկրոասեղների մեծ մասը կոշտ է, ինչը սահմանափակում է դրանց օգտագործումը երկարատև թերապիայում՝ մաշկի գրգռվածության պատճառով։

Այս խոչընդոտը հաղթահարելու համար Հարավային Կորեայի հետազոտողները նոր միկրոասեղային համակարգ են մշակել, որը ոգեշնչված է մեղվի խայթոցի մեխանիզմով։ Չունգ-Անգ համալսարանի դեղագործության քոլեջի պրոֆեսոր Վոնկու Կանգի և դոկտոր Սո-Հի Ջոնգի գլխավորած թիմը, նույն համալսարանի բժշկական քոլեջի դոկտոր Ջուն-Հո Ջոնգի հետ համատեղ, դյուրակիր սպեղանիներ է ներկայացրել «էլեկտրամանածո միկրոթելային միկրոասեղներով» (EW-MNs): Հետազոտության արդյունքները հրապարակվել են Advanced Healthcare Materials բժշկագիտական  հանդեսում։

Ավանդական կոշտ միկրոասեղներից տարբերվող EW-MNs-ները մեղմ են, օդաթափանց և մնում են մաշկին կպած՝ մեղվի խայթոցի պես։ Դրանք ստեղծվում են էլեկտրոմանվածքի միջոցով. մեթոդ, որի դեպքում էլեկտրական դաշտ է կիրառվում՝ միկրոասեղների մետաղական ծայրերը փաթաթող նանոմանրաթելերի ձևավորման համար՝ ընդօրինակելով խայթոցի ատամնավոր կառուցվածքը։ Այնուհետև համակարգն ամրացվում է կպչուն հիմքով սպեղանու վրա։

Արդյունավետությունը ստուգելու համար գիտնականները միկրոասեղները լցրել են ռիվաստիգմինով՝ Ալցհայմերի և Պարկինսոնի հիվանդությունների բուժման համար օգտագործվող դեղամիջոց։ Ծովախոզուկների վրա կատարված փորձարկումների ժամանակ կպչուն նյութերը կրկնապատկել են դեղամիջոցի կլանումը և հինգ անգամ ավելի մեծ տարածք են ընդգրկել, քան ավանդական եղանակները՝ նվազագույն անհարմարությամբ։

Ըստ պրոֆեսոր Կանգի՝ տեխնոլոգիայի հետագա զարգացումը կարող է փոխել խրոնիկական հիվանդությունների ապաքինման մոտեցումը՝ երկարատև թերապիաները դարձնելով ավելի անվտանգ և հարմարավոտ, հատկապես տարեցների, երեխաների և ասեղներից վախեցող բուժառուների համար։