Յոգան կարող է ոչ միայն նվազեցնել սթրեսի մակարդակը, այլև պաշտպանել ուղեղը տարիքային փոփոխություններից։ Այս եզրակացության են եկել Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Heart Association (AHA) ամսագրում։
Հետազոտողների տվյալներով՝ յոգայի կանոնավոր պարապմունքները նվազեցնում են բորբոքումները, պահպանում հիշողությունը և օգնում դանդաղեցնել ճանաչողական ծերացումը՝ նվազեցնելով դեմենցիայի զարգացման ռիսկը։ Էֆեկտը բացատրվում է պրակտիկայի համալիր ազդեցությամբ՝ այն համատեղում է ֆիզիկական ակտիվությունը, շնչառական վարժությունները և մեդիտացիան, ինչն ամրապնդում է մարմնի և նյարդային համակարգի միջև կապը և բարձրացնում ուղեղի դիմացկունությունը սթրեսի նկատմամբ։
Հետազոտություններից մեկում գիտնականները համեմատել են յոգայով զբաղվող կանանց և վերահսկիչ խմբի մասնակիցներին։ Առաջինների մոտ ավելի շատ գորշ նյութ է նկատվել ուղեղի՝ հիշողության և մտածողության համար պատասխանատու հատվածներում, ինչպես նաև ճանաչողական ակտիվության ավելի բարձր մակարդակ։
Գորշ նյութը մարդու կենտրոնական նյարդային համակարգի գլխավոր բաղադրիչն է։ Այն ներառում է նեյրոնների բջջային մարմիններ, որոնք օգնում են զգայական տեղեկատվության մշակմանը, զգացմունքային արձագանքների կարգավորմանը, հիշողության և ուսուցման կառավարմանը։
Մասնագետները ընդգծում են, որ երկարատև ազդեցության համար անհրաժեշտ է շաբաթական առնվազն երկու-երեք անգամ մարզվել։






