Ուղեղի մի փոքրիկ հատված, որը մոտավորապես արևածաղկի սերմի չափ է՝ stria terminalis-ի (BNST) միջուկը (թալամուսի փորոքային մակերեսի կողմնային եզրով ձգվող մանրաթելերի շերտից բաղկացած ուղեղի կառուցվածք -խմբ.), կարող է խթանել սննդի ընդունումը մարդկանց և մկների շրջանում։ Նման եզրակացության են հանգել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի հետազոտողները։ Նրանց աշխատանքը հրապարակվել է Cell Reports բժշկագիտական  հանդեսում։

Այդ գոտու դերը հետազոտելու համար թիմը նախ պատկերել է մկների ուղեղը, երբ նրանք համտեսում էին ջուրը հինգ հիմնական համերով՝ քաղցր, դառը, թթու, աղի և ումամի (բարձրասպիտակուցային միացությունների համ, որն առանձնանում է որպես ինքնուրույն, հինգերորդ համ և Չինաստանում, Ճապոնիայում և Հեռավոր Արևելքի այլ երկրներում ավանդաբար օգտագործվում է որպես համեմունք -խմբ.)։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցր համի հաճույքը կապված է նշաձև ուղեղի հետ։ Գիտնականները իսկապես հայտնաբերել են նեյրոններ, որոնք արձագանքում են միայն քաղցր ջրին։ Այդ բջիջները, իրենց հերթին, ակտիվացրել են «ընդլայնված նշաձև ուղեղ» կոչվող BNST-ի նեյրոնները։ Դա դարձավ առաջին ուղղակի ապացույցը, որ BNST-ը համային ազդանշաններ է ստանում։

Հետագա փորձերը ցույց տվեցին, որ BNST նեյրոնների ակտիվացումն ազդում է ախորժակի վրա։ Երբ հետազոտողները գենետիկորեն ձևափոխել են բջիջները, որպեսզի դրանք չմիանան քաղցր ջրի ազդեցության տակ, մկները սկսել են զգալիորեն պակաս խմել: Ի տարբերություն դրա, BNST նեյրոնների արհեստականորեն ակտիվացումը կենդանիներին ստիպեց ավելի շատ խմել ցանկացած հեղուկ՝ նույնիսկ դառը կամ անհամ հեղուկներ, որոնցից նրանք սովորաբար խուսափում են։

Հետագայում պարզվել է, որ քաղցած կամ աղից զուրկ մկների շրջանում քաղցր կամ աղի ջրի ազդեցության տակ BNST նեյրոնների զգալիորեն ավելի շատ ակտիվացում էր նկատվում, քան կշտացած կենդանիների շրջանում: Դա ենթադրում է, որ BNST-ն ոչ միայն արձագանքում է համին, այլև ինտեգրում է քաղցի և սննդանյութերի պակասի մասին ազդանշանները՝ օգնելով օրգանիզմին կարգավորել սննդի ընդունումը։

Ըստ գիտնականների՝ նոր տվյալները կարևոր են նաև մարդկանց համար. մարդկանց BNST-ի կառուցվածքը նման է մկների կառուցվածքին: Հետազոտողները ենթադրում են, որ ապագայում այդ նեյրոնների վրա ազդող դեղամիջոցները կարող են օգնել խթանել ախորժակը՝ ախորժակի ծանր կորուստ ունեցող բուժառուների,  մասնավորապես՝ քաղցկեղից բուժվողների շրջանում: