Մարզանքներից հետո արտադրվող Lac-Phe մոլեկուլը ճնշում է քաղցի համար պատասխանատու նեյրոնների ակտիվությունը: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ Բեյլորի բժշկական քոլեջի գիտնականները: Հետազոտության արդյունքները նահրապարակվել են Nature Metabolism (NatMet) բժշկագիտական  հանդեսում:

Lac-Phe-ի գործառույթն ուսումսիրվել է լաբորատոր մկների վրա: Նախկինում հայտնի էր, որ ինտենսիվ մարզանքներից հետո արյան մեջ Lac-Phe-ի մակարդակը բարձրանում է ոչ միայն կրծողների, այլև մարդկանց և մրցարշավային ձիերի շրջանում: Սակայն այս մետաբոլիտի գործողության ճշգրիտ մեխանիզմը մնում էր անհասկանալի:

Գիտնականներն  ուսումնասիրել են հիպոթալամուսի երկու տեսակի նեյրոններ՝ ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է ախորժակի վերահսկման և էներգետիկ հավասարակշռության համար: Առաջին տեսակը՝ AgRP նեյրոնները, խթանում են քաղցի զգացումը և դրդում սննդի ընդունման: Մեկ այլ տեսակ՝ հիպոթալամուսի պարավենտրիկուլյար կորիզում գտնվող PVH նեյրոնները ճնշում են ախորժակը և նվազեցնում ուտելու ցանկությունը:

Նորմալ պայմաններում ակտիվ AgRP նեյրոնները ճնշում են PVH նեյրոնների ակտիվությունը՝ դրանով իսկ քաղցի զգացում առաջացնելով: Սակայն, հետազոտողները բացահայտել են, որ Lac-Phe-ն անջատում է AgRP նեյրոնները՝ PVH նեյրոններին թույլ տալով ճնշել ախորժակը։

Բացի դրանից, Lac-Phe-ի ընդունումը ճարպակալվող մկների շրջանում նվազեցրել է սննդի օգտագործումը և հանգեցրել մարմնի զանգվածի կորստի՝ առանց էներգիայի ծախսը մեծացնելու։ Այդ տվյալները հաստատել են, որ Lac-Phe-ի ազդեցությունը քաշի վրա պայմանավորված չէ էներգիայի ծախսի աճով, այլ քաղցի նյարդային կարգավորման փոփոխությամբ։

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ այդ մեխանիզմի ըմբռնումը գուցե օգնի ճարպակալման և դրան առնչվող հիվանդությունների, մասնավորապես՝ շաքարախտը և սրտանոթային հիվանդությունների նոր բուժումներ մշակել։ Հետզգա աշխատանքներում նախատեսվում են ուսումնասիրելու, թե ինչպես կարելի է Lac-Phe-ի օգնությամբ անվտանգ կերպով ներգործել մարդու օրգանիզմի վրա։