Աշնանը մարդիկ ուժերի անկում են զգում և խրոնիկական հոգնածության զգացում ունենում։ Ըստ Քվինսլենդի համալսարանի սննդաբան Մեգան Ռոսսիի՝ այդ վիճակի հիմնական պատճառը ցերեկային ժամերի կրճատումն է։ Փորձագետի մեկնաբանությունը ներկայացնում է HuffPost-ը։

Ռոսսին պարզաբանել է, որ բնական լույսի պակասը խաթարում է տրամադրության, քնի և էներգիայի մակարդակի համար պատասխանատու սերոտոնինի և մելատոնինի արտադրությունը՝ հորմոններ։ Ավելին, սեզոնային փոփոխություններն ազդում են ցիրկադային ռիթմերի (օրգանիզմի քնի և արթունության հերթափոխումը կարգավորող՝ 24 ժամը մեկ կրկնվող բնական գործընթաց -խմբ) վրա, որոնք, իրենց հերթին, ազդում են աղիքային միկրոբիոմի վրա։

«Դա կարող է հանգեցնել «լավ» հակաբորբոքային մանրէների քանակի նվազմանը, մարսողության խանգարմանը և, որպես արդյունք, օրգանիզմի էներգետիկ պաշարների սպառմանը»,- նշել է մասնագետը։

Իրավիճակը սրվում է նաև ամենօրյա սովորությունների պատճառով՝ քնի պակաս, ցածր ֆիզիկական ակտիվություն և սննդակարգում մաքրված ածխաջրերի ավելցուկ։ Աշնանային հոգնածության դեմ պայքարելու համար Ռոսսին խորհուրդ է տալիս ցերեկային ժամերին ավելի շատ ժամանակ անցկացնել դրսում և առողջ քնի ժամանակացույց պահպանել։

Փորձագետը միաժամանակ ընդգծել է առողջ սննդակարգի կարևորությունը։ Սննդաբանի բնորոշմամբ՝ հատկապես կարևոր է աշնանը սննդակարգում ներառել D վիտամինով և մագնեզիումով հարուստ սնունդ։ Դրանց թվում են սնկերը, ձուկը, ձուն, ծովամթերքը, մրգերը, ընկույզը և սերմերը։