ԱՄՆ նախագահը և գլխավոր վիրաբույժը պնդում են, որ հղիության ընթացքում պարացետամոլի ընդունումը մեծացնում է աուտիզմով երեխա ունենալու ռիսկը: Սակայն գիտնականները կասկածի տակ են դնում դա:
«Եղած ապացույցները չեն վկայում հղիության ընթացքում պարացետամոլի ընդունման և աուտիզմի միջև կապի մասին», - ընդգծվում է Դեղորայքի եվրոպական գործակալության (EMA) հայտարարության մեջ, փոխանցում է DW-ն։
Պարացետամոլի ընդունման վերաբերյալ EMA-ի գործող հանձնարարականներում փոփոխություններ չեն լինի. «Հղիության ընթացքում պարացետամոլ կարելի է ընդունել, սակայն խորհուրդ է տրվում դա անել նվազագույն դեղաչափով, հնարավորինս կարճ ժամանակահատվածում և ոչ մշտական հիմունքներով»։
Գիտական տեսանկյունից անհիմն է աուտիզմի զարգացումը կապել դեղամիջոցի միակ ակտիվ բաղադրիչի հետ։ «Մանրամասն հետազոտությունները պատճառահետևանքային կապ ցույց չեն տվել, դիտվել է միայն ռիսկի նվազագույն աճ», - փաստում է Ֆրանկֆուրտի Մայնի համալսարանական կլինիկայի մանկական և դեռահասների հոգեբուժության, հոգեսոմատիկայի և հոգեթերապիայի բաժանմունքի ղեկավար Քրիստինե Ֆրայթագը։
Պարացետամոլի ընդունումը հղիության ընթացքում մեծացնում է երեխայի մոտ աուտիզմի ռիսկը։ Բրիտանական Աուտիզմի ազգային միությունում (ԱԱՄ) այս պնդումն անվանել են «ինքնագովազդ՝ կեղծ նորությունների օգտագործմամբ»։
«Մենք ցնցված ենք, թե որքան անսիրտ և հակագիտական են Թրամփն ու Քենեդի կրտսերը խոսում աուտիզմով մարդկանց մասին»,- հայտարարել է ԱԱՄ-ի քաղաքականության, հետազոտությունների և ռազմավարության գծով փոխտնօրեն Թիմ Նիքոլսը։ «Արդյո՞ք ավելի լավ չէր լինի, եթե նրանք իրենց հսկայական ֆինանսական ռեսուրսներն ուղղեին աուտիզմով մարդկանց և նրանց ընտանիքների կյանքը բարելավելու և աուտիզմի մասին հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու համար»։






