Լազերային եղանակով դաջվածքների հեռացումը կարող է սրել նախկինում ներարկված ներկանյութերի նկատմամբ ալերգիկ ռեակցիան։ Այս եզրահանգմանն են եկել Նյու Յորքի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Dermatologic Science and Cosmetic Technology (JDSCT) ամսագրում։
Գիտնականները մետա-վերլուծություն են անցկացրել դաջվածքների հեռացման տարբեր մեթոդների առավելություններն ու թերությունները ուսումնասիրող հետազոտությունների վերաբերյալ: Առավել տարածվածներից էին Q-անջատիչ լազերները, որոնք ունակ են շատ հզոր և կարճ իմպուլսներ առաջացնել:
Վերլուծությունը ցույց է տվել, որ լազերի ազդեցությունը կարող է վտանգավոր իմունային ռեակցիա առաջացնել դաջվածքի գունանյութերի, մասնավորապես՝ կարմիր գունանյութերի նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց մոտ: Գիտնականների կարծիքով՝ լազերի ճառագայթը «քանդում է» թանաքի մասնիկները միկրոբեկորների, որոնք այնուհետև ավելի արագ են տարածվում ամբողջ մարմնով մեկ: Սա կարող է հանգեցնել բորբոքման ուժեղացման և նույնիսկ համակարգային ալերգիկ ռեակցիայի, այդ թվում՝ եղնջացանի և անգիոեդեմայի:
Հետազոտողները պարզաբանել են, որ դաջվածքի ներկանյութերի հանդեպ ալերգիան հազվադեպ երևույթ չէ։ Ռեակցիաները կարող են հետաձգված լինել և հայտնվել դաջվածքն անելուց ամիսներ կամ տարիներ անց։ Ամենից հաճախ դրանք դրսևորվում են կարմրությամբ, քորով և այտուցով։ Ծանր դեպքերում ձևավորվում են գրանուլոմաներ՝ պիգմենտի շուրջ իմունային բջիջների հանգուցանման կուտակումներ։ Լազերը կարող է «արթնացնել» այդ գոյացությունները, ուժեղացնելով բորբոքումը և բարձրացնելով սպիների առաջացման ռիսկը։
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ ալերգիայի ցանկացած կասկածի դեպքում լազեր օգտագործել չի կարելի։ Դրա փոխարեն, բժիշկները կարող են կիրառել կորտիկոստերոիդային քսուքներ, հորմոնների ներարկումներ բորբոքման հատվածում և դաջվածքի վիրահատական հեռացում (ծանր դեպքերում)։ Մասնագետները նաև խորհուրդ են տալիս նախապես կատարել փաթչ-թեսթ՝ ալերգենը ճշգրիտ որոշելու համար։
«Բժիշկներն ու հիվանդները պետք է զգուշորեն գործեն. նախ բացառեն ալերգիաները և միայն դրանից հետո պլանավորեն հեռացումը: Այս ալգորիթմը կարող է կանխել հազարավոր բարդություններ և բարելավել անվտանգությունը գեղագիտական բժշկության մեջ», - եզրակացրել են ուսումնասիրության հեղինակները:






