Ոգելից խմիչքը մեծացնում է դեմենցիայի զարգացման ռիսկը, անկախ նրանից, թե մարդիկ գենետիկորեն նախատրամադրված են այս նեյրոդեգեներատիվ վիճակին, թե ոչ։

Վերջին խոշոր հետազոտությունը հաստատում է, որ նույնիսկ չափավոր ոգելից խմիչքի օգտագործումը կարող է առողջության համար վտանգ ներկայացնել։ Հակառակ ոգելից խմիչքի ցածր մակարդակի օգտագործման օգուտների մասին հազվադեպ հրապարակվող վերնագրերին, հետազոտությունները բազմիցս ցույց են տվել, որ ալկոհոլի ցանկացած քանակություն անվտանգ չէ մեր առողջության համար։

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ ոգելից խմիչքի ավելի մեծ օգտագործումը հանգեցնում է դեմենցիայի առաջացման ավելի բարձր ռիսկի»,- հայտարարության մեջ նշել է Քեմբրիջի համալսարանի վիճակագիր Սթիվեն Բերջեսը։

BMJ Evidence-Based Medicine բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտությունը ներառել է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի մոտավորապես 560 հազար մարդկանց, որոնց հետևել են մի քանի տարի, ինչպես նաև մոտավորապես 2,4 միլիոն մարդու գենետիկական տվյալներ։

Հետազոտության առաջին մասում գիտնականները հարցրել են մարդկանց՝ որքան են նրանք խմում, ապա որոշել են ոգելից խմիչքի և դեմենցիայի առաջացման ռիսկի միջև փոխադարձ կապը, հաղորդում է Euronews-ը։ Նրանք միաժամանակ վերլուծել են ոգելից խմիչքի օգտագործմանն առնչվող գենետիկական մարկերները՝ հաշվի առնելու համար մարդու կյանքի վրա դրա կումուլյատիվ՝ կուտակային ազդեցությունը։

Որքան բարձր են ալկոհոլին առնչվող գենետիկական ռիսկերը, այնքան բարձր է դեմենցիայի վտանգը, պարզվել է հետազոտության ընթացքում։ Օրինակ՝ շաբաթական երեք անգամ խմող մարդը դեմենցիա զարգացնելու 15%-ով ավելի հավանականություն ունի, քան շաբաթը մեկ անգամ խմողը։

 «Գենետիկական տվյալները չեն հաստատում [ոգելից խմիչքի] պաշտպանիչ ազդեցությունը. ընդհակառակը, դրանք հակառակն են մատնանշում»,- նշել է հետազոտության հեղինակներից մեկը և Օքսֆորդի համալսարանի ավագ գիտաշխատող Անյա Տոպիվալան։

Հետազոտությունը վերջնականապես չի ապացուցում, որ ալկոհոլի օգտագործումը դեմենցիա է առաջացնում, այլ միայն մատնանշում է երկուսի միջև փոխադարձ կապը, զգուշացրել է Էդինբուրգի համալսարանին առընթեր Ուղեղի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Տարա Սփայրս-Ջոնսը։ Նա չի մասնակցել ուսումնասիրությանը։

Սակայն «հիմնարար նյարդաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ ոգելից խմիչքն ուղղակիորեն թունավոր է ուղեղի նեյրոնների համար»,- հայտարարության մեջ հավելել է նա։

Նախորդ հետազոտության ժամանակ, որը հիմնված էր ուղեղի սկանավորման վրա, գիտնականները պարզել էին, որ օրական մեկ կամ երկու միավոր ալկոհոլի օգտագործումը կապված է ուղեղի ծավալի նվազման և դրա կառուցվածքի փոփոխությունների հետ, ինչը կարող է առնչվել լինել հիշողության կորստի և դեմենցիայի հետ։

Վերջին հետազոտության հեղինակները հայտարարել են, որ իրենց արդյունքները լրացնում են աճող ապացույցների այն ամբողջությունը, որ ոգելից խմիչքից հրաժարվելը կարող է զգալի օգուտներ ունենալ առողջության համար։

 «Բնակչության շրջանում ալկոհոլի սպառման կրճատումը կարող է զգալի դեր խաղալ դեմենցիայի կանխարգելման գործում»,- նշել է Տոպիվալան։