Գիտնականներն առաջին անգամ անմիջականորեն դիտարկել են սպիտակուցային կլաստերներ (ալֆա-սինուկլեինային օլիգոմերներ) մարդու ուղեղի հյուսվածքում, որոնք, ենթադրաբար, նպաստում են Պարկինսոնի հիվանդության զարգացմանը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Biomedical Engineering բժշկագիտական  հանդեսում։

Այս կլաստերները վաղուց համարվում էին «կասկածելի», բայց մինչ այժմ դրանք չէր հաջողվում վիզուալիզացվել մարդու ուղեղում։

Քեմբրիջի, Լոնդոնի համալսարանական քոլեջи (University College London, UCL),  Ֆրենսիս Քրիքի ինստիտուտի և Մոնրեալի պոլիտեխնիկական դպրոցի մի խումբ մշակել է նոր տեխնիկա՝ ASA-PD (Advanced Sensing of Aggregates for Parkinson’s Disease)՝ հիմնված գերզգայուն ֆլուորեսցենտային մանրադիտակի վրա, որը հնարավորություն է տալիս նրանց «տեսնել» և հաշվել առանձին օլիգոմերներն ուղեղի հյուսվածքում։ Այդ տեխնոլոգիան հնարավորություն է ընձեռել համեմատել Պարկինսոնի հիվանդությունից տառապող բուժառուների և վերահսկիչ խմբի (հիվանդությունից զերծ մարդկանց) ուղեղի նմուշները։

Հետազոտությունը ցույց է տվել, որ այդ օլիգոմերներն առկա են նաև առողջ ուղեղներում, սակայն Պարկինսոնի հիվանդությամբ բուժառուների շրջանում դրանք ավելի մեծ են, պայծառ և ավելի շատ՝ ուղիղ կապ հիվանդության զարգացման հետ։ Ավելին, հայտնաբերվել է օլիգոմերների ենթադաս, որը բացառապես առկա է Պարկինսոնի հիվանդությամբ բուժառուների շրջանում, որը կարող է ծառայել որպես հիվանդության վաղ տեսողական մարկեր՝ նախքան ախտանիշների ի հայտ գալը։

Հեղինակների գնահատմամբ՝ այդ «գրգռիչների» անմիջապես մարդու ուղեղում նույնականացումը նշանակալի առաջընթաց է։ Այժմ, երբ նրանք գիտեն, թե որտեղ փնտրել այդ կլաստերները և ինչ տեսք ունեն դրանք, նրանք կկարողանան ավելի լավ հասկանալ, թե ինչպես է հիվանդությունը տարածվում ամբողջ ուղեղում և վաղ ախտորոշման և բուժման եղանակներ մշակել։

Լյուիի մարմիններ (Lewy bodies) կոչվող սպիտակուցային նստվածքները վաղուց Պարկինսոնի հիվանդության բնորոշ առանձնահատկություն են համարվում։ Սակայն դրանք ավելի հավանական է, որ «նշեն» արդեն իսկ տեղի ունեցած վնասը։ Օլիգոմերները, իրենց հերթին, կարող են լինել պաթոլոգիայի սկզբնավորման առաջին քայլերը։

Գիտնականները հույս ունեն, որ այդ մոտեցման հետագա զարգացումը հնարավորություն կտա քարտեզագրել սպիտակուցային ագրեգատների բաշխումը ուղեղի տարբեր հատվածներում, ինչպես նաև հարմարեցնել նմանատիպ եղանակներ այլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, մասնավորապես՝ Ալցհայմերի կամ Հանթինգտոնի հիվանդություն համար։