Կանայք, միջին հաշվով, ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ։ Այս ապշեցուցիչ երեւույթը նկատվում է գրեթե բոլոր երկրներում եւ պատմական դարաշրջաններում։ Չնայած որոշ երկրներում սեռերի միջեւ եղած տարբերությունը նվազել է բժշկական առաջընթացի եւ կենսապայմանների բարելավման շնորհիվ, նոր ուսումնասիրությունը բացատրում է, թե ինչու է այս տարբերությունը, հավանաբար, անհետանալու. պատճառները արմատավորված են էվոլյուցիայի մեջ եւ դրսեւորվում են շատ կենդանիների մոտ։
Լայպցիգի Մաքս-Պլանկի մարդաբանության ինստիտուտի գլխավորած գիտնականների միջազգային թիմն անցկացրել է կաթնասունների եւ թռչունների սեռային կյանքի տեւողության տարբերությունների ամենաընդգրկուն վերլուծությունը։
Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։
Գիտնականների եզրակացությունները նոր պատկերացում են տալիս այն մասին, թե ինչու են տղամարդիկ եւ կանայք տարբեր կերպ ծերանում։ Հիմնական գործոններից մեկը քրոմոսոմներն են։ Կաթնասունների մոտ կանայք ունեն երկու X քրոմոսոմ, մինչդեռ տղամարդիկ՝ մեկ X եւ մեկ Y (այսինքն՝ նրանք հետերոգամետային սեռի ներկայացուցիչներ են)։ Որոշ ուսումնասիրություններ ենթադրում են, որ երկու X քրոմոսոմ ունենալը կարող է պաշտպանել կանանց վնասակար մուտացիաներից՝ շնորհելով էվոլյուցիոն առավելություն։ Թռչունների համակարգը հակառակն է. էգերը հետերոգամետային սեռի ներկայացուցիչներ են, ինչը փոխում է դինամիկան։
Աշխարհի կենդանաբանական այգիներում ապրող 1 176 թռչունների եւ կաթնասունների տեսակների վերլուծությունը ցույց է տվել, որ կաթնասունների մեծ մասի (72 տոկոս) էգերը ապրում են ավելի երկար՝ միջինը 12 տոկոսով։ Թռչունների մեծ մասի (68 տոկոս) պարագայում արուներն ապրում են ավելի երկար՝ միջինը 5 տոկոսով։ Սակայն եղել են բացառություններ. որոշ գիշատիչ թռչունների էգերն ավելի մեծ են եղել եւ ապրել են ավելի երկար, քան արուները։
Գենետիկայից բացի՝ կարեւոր է սեռական ընտրության եւ ծնողական խնամքի ազդեցությունը: Արուները հաճախ զարգացնում են աչքի ընկնող հատկանիշներ՝ փարթամ փետուրներ, ավելի մեծ մարմնի զանգված, որոնք մեծացնում են նրանց բազմացման հնարավորությունները, բայց կարող են կրճատել նրանց կյանքի տեւողությունը: Թռչունների մոտ, որտեղ գերակշռում է մենամուսնությունը, մրցակցությունը նվազում է, եւ արուները հաճախ ավելի երկար են ապրում:
Ծնողական խնամքը նույնպես կարեւոր է. այն տեսակները, որտեղ մեկ սեռը ավելի շատ է նպաստում ծնող լինելուն, հաճախ ավելի երկար են ապրում: Կաթնասունների պարագայում դա հաճախ էգն է, ինչը կարող է նրանց առավելություն տալ:
Գիտնականները նաեւ ուսումնասիրել են կենդանիներին կենդանաբանական այգիներում, որտեղ արտաքին ռիսկերը (գիշատիչներ, հիվանդություններ, կլիմա) զգալիորեն նվազել են: Նրանք պարզել են, որ կյանքի տեւողության տարբերությունը մնում է, չնայած նեղանում է՝ նման այն բանին, թե ինչպես են բժշկական առաջընթացները նեղացրել, բայց չեն վերացրել մարդկային հասարակություններում սեռերի միջեւ եղած տարբերությունը։
Վերջում հետազոտողները եզրակացրել են, որ կյանքի տեւողության սեռային տարբերությունները խոր էվոլյուցիոն արմատներ ունեն. շրջակա միջավայրից բացի՝ դեր են խաղում ժառանգականությունը, վերարտադրողական ռազմավարությունները եւ օրգանիզմների կենսաբանական կազմակերպումը։






