Ընտանիքի բարեկեցությունը պաշտպանում է երեխաներին ճարպակալումից, նույնիսկ այն վայրերում, որոնք լի են անառողջ սննդի կետերով: Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողների նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակը երեխայի առողջության ամենակարեւոր գործոնն է։
International Journal of Behavioral Nutrition and Physical Activity հանդեսում հրապարակված ուսումնասիրությունը անցկացվել է Լոնդոնի՝ բարեկեցության տարբեր մակարդակներ ունեցող չորս շրջաններում։
Մասնակցել են տարրական դպրոցի տարիքի երեխաներ ունեցող 728 ընտանիքներ, որոնց հարցեր են տրվել իրենց տնային միջավայրի, սննդի, երեխաների սովորությունների, սննդային նախասիրությունների եւ այլնի մասին։
Արդյունքները ցույց են տվել, որ ռեսուրսների պակաս ունեցող ընտանիքները (ցածր եկամուտ, գույքի բացակայություն, ցածր կրթություն եւ այլն) ավելի հակված են եղել ստեղծել անբարենպաստ տնային պայմաններ, որոնք նպաստում են ավելորդ քաշի ավելացմանը։
Նման տներում երեխաները հաճախ ուտում են ոչ թե քաղցից դրդված, այլ հուզականորեն կամ արտաքին խթանների (գովազդ, քաղցրավենիքի մատչելիություն) ազդեցության տակ, իսկ ծնողները հակված են օգտագործել ճնշման կամ հուզական սնուցման մեթոդներ։
Թեեւ այդ շրջաններում անառողջ սննդի կետերի (արագ սնունդ եւ այլն) առկայությունը նույնպես ազդում է սննդի միջավայրի վրա, դրա ազդեցությունը պակաս նշանակալի է, քան ընտանիքների աղքատության մակարդակի ազդեցությունը: Այլ կերպ ասած՝ ընտանիքի ֆինանսական վիճակը «բուֆեր» է ապահովում ճարպակալման ռիսկի դեմ նույնիսկ անբարենպաստ սննդի միջավայրում։
Հեղինակներն ընդգծել են, որ մանկական ճարպակալման դեմ արդյունավետ պայքարը պահանջում է ոչ միայն շրջանների միջավայրի բարելավում. պետք է լուծվի սոցիալական եւ տնտեսական անհավասարությունների հարցը։
Ըստ ավագ հեղինակ Քլեր Լեւելինի՝ «մեր արդյունքները ցույց են տալիս, որ ընտանիքների աղքատությունը միայն ֆոնային գործոն չէ, այլ նաեւ երեխաների մոտ անառողջ սովորությունների եւ քաշի ավելացման հիմնական շարժիչ ուժ»։






