«Որտեղ»-ի հիշողությունը կարևոր դեր է խաղում առօրյա կյանքում. որտեղ եմ թողել բանալիներս, որտեղ եմ ընթրել նախորդ երեկոյան, որտեղ եմ առաջին անգամ հանդիպել ընկերոջս։ Սակայն տարածական հիշողությունը՝ գտնվելու վայրի մասին տեղեկությունը պահպանելու ունակությունը, առաջին ճանաչողական գործառույթներից մեկն է, որը նվազում է տարիքին զուգընթաց։ Այդ ունակության անկումը միջին տարիքում կարող է լինել դեմենցիայի վաղ նշան։ Սթենֆորդի բժշկական համալսարանի հետազոտողները և նրանց գործընկերները ուսումնասիրում են, թե հատկապես ինչն է քայքայվում տարեցների ուղեղի տարածական մշակման համակարգում և արդյոք դա կարելի է կանխել։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications հանդեսում։

Մկների վրա կատարված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այսպես կոչված միջային էնտորհինալ կեղևի (medial entorhinal cortex) ակտիվությունը՝ ուղեղի այն հատվածը, որը երբեմն կոչվում է «ուղեղի ներքին GPS», դառնում է անկայուն և տարեց մկների շրջանում դադարում է ճշգրիտ արձագանքել շրջակա միջավայրին։ Կենդանիների շրջանում, որոնց ակտիվությունն այդ ոլորտում առավել շատ է խախտվել,  տարածական հիշողության նման թեստերում առավել շատ խափանումներ են նկատվել։

Միջին էնտորհինալ կեղևն ուղեղի նավիգացիոն համակարգի հիմնական բաղադրիչն է։ Այն պարունակում է տարբեր տեսակի բջիջներ, որոնք կոդավորում են շարժման արագությունը, հայացքի ուղղությունը և տարածական սահմանները։

Սակայն հատկապես կարևոր են ցանցային բջիջները (grid cells), որոնք ստեղծում են կոորդինատային ցանց հիշեցնող յուրատեսակ «տարածության քարտեզ»։

Տարբեր տարիքի (երիտասարդ՝ մոտ 3 ամսական, միջին՝ մոտ 13 ամսական, մեծ՝ մոտ 22 ամսական, որը մոտավորապես համապատասխանում է մարդկանց 20, 50-60 և 75-90 տարեկաններին) մկների հետազոտության ժամանակ կենդանիները տեղադրվել են վիրտուալ միջավայրում, և նրանց ուղեղի ակտիվությունը գրանցվել է, երբ մկները վազում էին վիրտուալ հետքերով՝ թաքնված պարգև փնտրելով։

Ժամանակի ընթացքում երիտասարդ և միջին տարիքի մկները ստեղծել են միջավայրի կայուն քարտեզներ. ցանցային բջիջները զարգացրել են հստակ ակտիվացման օրինաչափություններ։ Սակայն տարեց մկների շրջանում, հատկապես, երբ միջավայրի հետագծերը փոխվել են, ցանցային բջիջները անկանոն են արձագանքել, և կենդանիները չեն կարողացել որոշել, թե որ երթուղու վրա են գտնվում։

Հետաքրքիր է, որ տարեց մկների մեջ կար մեկ «գերծերացած» առանձյակ. նրա վարքագիծը և բջջային ակտիվությունը նման էին երիտասարդ և միջին տարիքի մկների վարքագծին և բջջային ակտիվությանը։ Դա հստակ ցույց է տալիս ծերացման անհատական ​​​​փոփոխականությունը՝ թե ինչու են որոշ մարդիկ ավելի լավ պահպանում ճանաչողական գործառույթը, քան մյուսները։

Գիտնականները միաժամանակ վերլուծել են մկների գեների էքսպրեսիան և հայտնաբերել 61 գեն, որոնց ակտիվությունը կապված է ցանցային բջիջների անկայունության հետ։ Այս գեներից մեկը՝ Haplin4 -ը, կարող է ներգրավված լինել նեյրոնների շուրջ կառուցվածքի (պերինեյրոնալ ցանց) պահպանման մեջ, որն օգնում է «ամրապնդել» ցանցի կայունությունը և պաշտպանել տարածական հիշողությունը։

Հետազոտողների կարծիքով, այդ մեխանիզմների ըմբռնումը կարող է լույս սփռել նրա վրա, թե ինչու է որոշ մարդկանց տարածական հիշողության անկումն ավելի արագ տեղի ունենում, քան մյուսների դեպքում է։ Դա կարևոր քայլ է պարզեու համար՝ ինչպես կարելի է դանդաղեցնել նման տարիքային փոփոխությունները։