Գիտնականները պարզել են, որ «լավ» աղիքային մանրէները, մասնավորապես Lactobacillus ցեղի մանրէները, կարող են դրական ազդեցություն ունենալ հղի կանանց մոտ ընկերքի զարգացման վրա։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Translational Medicine-ում։

Այն կանանց մոտ, որոնց աղիներում գերակշռում էին այդ բակտերիաները, նկատվել է ընկերքի գործառույթների համար պատասխանատու գեների ավելի բարձր էքսպրեսիա, ինչպիսիք են սննդանյութերի փոխադրումը և օքսիդատիվ սթրեսից պաշտպանությունը։

Հետազոտությանը մասնակցել են հղիության տարբեր փուլերում գտնվող կանանց մի քանի խմբեր։ Գիտնականները վերլուծել են կղանքի նմուշները՝ միկրոբիոտայի կազմը գնահատելու համար, ինչպես նաև ընկերքի նմուշները (ծննդաբերությունից հետո)՝ դրա գեների էքսպրեսիան վերլուծելու համար։ Նրանք կապ են հայտնաբերել. որքան բարձր է Lactobacillus-ի քանակն աղիքում, այնքան բարձր է ընկերքի հյուսվածքներում անոթների աճի, իմունային կարգավորման և հակաօքսիդանտ պաշտպանության հետ կապված գեների ակտիվությունը։

Հեղինակներն ընդգծում են, որ այս հայտնագործությունը կարևոր է, քանի որ առողջ ընկերքը առանցքային տարր է պտղի բնականոն զարգացման և հղիության բարդությունների ռիսկերը նվազեցնելու համար։ Նրանք կարծում են, որ միկրոբիոտայով մանիպուլյացիան (օրինակ՝ պրոբիոտիկների կամ սննդակարգի միջոցով) կարող է հեռանկարային մոտեցում լինել ընկերքի ֆունկցիայի բարելավման և հղիության պաթոլոգիաների կանխարգելման համար։

Սակայն հետազոտողները նաև զգուշացնում են, որ առայժմ սրանք միայն կոռելացիոն տվյալներ են և հնարավոր չէ վստահորեն պնդել պատճառահետևանքային կապի մասին։ Անհրաժեշտ են հետագա հետազոտություններ, այդ թվում՝ ինտերվենցիոն, որպեսզի ստուգվի, թե արդյոք «լավ» բակտերիաների քանակի ավելացումն իսկապես հանգեցնում է պլացենտայի բարելավմանը և որքանո՛վ է դա ազդում հղիության ելքի վրա։