Ռադիացիան եւ քիմիաթերապիան կարող են արդյունավետ պայքար մղել՝ քաղցկեղի դեմ եւ, ի վերջո, մարդու կյանք փրկել: Բայց, որպես այդ նույն փրկարար բուժման կողմնակի հետեւանք, դրա ընթացքում, երբեմն էլ՝ տարիներ ու տասնամյակներ անց, սրտանոթային լուրջ խնդիրներ կարող են ի հայտ գալ: Ուստի, մինչ քաղցկեղի դեմ պայքարին անցնելը եւ դրա ավարտից հետո հարկավոր է սրտի մի շարք հետազոտություններ անցնել՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար:

Բժիշկները ռադիոթերապիայից եւ քիմիաթերապիայից առաջ եւ հետո մի շարք հետազոտություններ են նշանակում՝ սրտի գործառնականությունը պարզելու նպատակով: Ստորեւ դրանցից չորս ամենակարեւորներն ենք ներկայացնում.

• Սրտի բազմանկյուն հետազոտություն (The multigated acquisition - MUGA scan)՝ երակի մեջ տեղակայված փոքր քանակությամբ ռադիոակտիվ ցուցիչի եւ հատուկ տեսախցիկի օգնությամբ բաբախող սրտի՝ տարբեր անկյուններից պատկերում

• Էխոկարդիոգրամա՝ բաբախող սրտի պատկերմամբ բնորոշվող ուլտրաձայնային՝ օրգանի կառույցների եւ մկանների գործառնականության վերաբերյալ մանրամասն տվյալներ տրամադրող հետազոտություն

• Սթրես-թեստ՝ մարզասարք-վազքուղու վրա կենսագործունեության կարեւորագույն նշանների՝ սրտի աշխատանքի եւ արյան ճնշման ստուգում: Ստացված տվյալները, էխոկարդիոգրամայի արդյունքների հետ միասին, նախքան ֆիզիկական վարժությունները եւ դրանցից հետո սրտի աշխատանքի մասին լիարժեք տեղեկատվություն կարող են տրամադրել:

• Սրտի մագնիսառեզոնանսային հետազոտություն՝ օրգանի եռաչափ քարտեզի կամ պատկերի ստացում՝ հատուկ կամ առավել բարդ դեպքերի համար:

«Թեեւ սրտի բազմանկյուն հետազոտությունը ավելավստահելի միջոցն է՝ ձախ փորոքի գործառնականության ստուգման համար, էխոկարդիոգրաման առավել համապարփակ տեղեկություններ է տրամադրում՝ սրտի եւ դրա փականների աշխատանքի վերաբերյալ: Իսկ ահա երկուսը միասին լավագույն լուծումն են՝ մինչ կլինիկական ախտանշանների հայտ գալը սրտի գործառնականության ամենափոքր փոփոխություններն անգամ վեր հանելու համար», - նշել է Քլիվլենդի կլինիկային կից գործող կարդիո-օնկոլոգիական կենտրոնի տնօրեն դոկտոր Բալաջի Տամարապուն:

Վերը հիշատակված հետազոտությունների արդյունքում քաղցկեղի դեմ նշանակված բուժման՝ սրտի նկատմամբ ճնշումը նվազեցնող դեղամիջոցներ կարող են առաջարկվել, որոնց օգնությամբ հետագայում վիրաբուժական միջամտություն պահանջող իրավիճակից կխուսափեք:

«Մասնավորապես ձախ փորոքում դրամատիկ փոփոխությունների հայտնաբերման պարագայում կարող ենք բետա-արգելակիչների, ACE ինհիբիտորների եւ ստատինների միջոցով բուժում նշանակել եւ պարբերաբար նոր հետազոտություններ ձեռնարկել՝ համոզվելու համար, որ օրգանի գործառնականությունը կայուն վիճակում է մնում», - նշել է դոկտոր Տամարապուն: