Նյու Յորքի համալսարանի գիտնականները Աբու Դաբիում ուղեղի նոր տեսակի իմպլանտ են մշակել, որը կարող է միաժամանակ բարձր ճշգրտությամբ դեղամիջոցներ մատակարարել ուղեղի մի քանի հատվածների:

Սարքն անվանել են SPIRAL (Strategic Precision Infusion for Regional Administration of Liquid - Հեղուկի ռեգիոնալ ներմուծման ռազմավարական ճշգրիտ ինֆուզիա). այն բարակ, ճկուն խողովակ է՝ իր ողջ երկարությամբ տեղադրված անցքերով, որոնց միջոցով դեղամիջոցը կարող է լոկալ կերպով մուտք գործել հյուսվածքի տարբեր հատվածներ։ Նման հնարավորությունները թույլ են տալիս ընդգրկել ուղեղի ավելի ծավալուն և բարդ գոտիներ, քան ներմուծման ավանդական մեթոդները և միևնույն ժամանակ պահպանվում է մինի-ինվազիվությունը։

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են «Journal of Neural Engineering» ամսագրում, ցույց է տալիս, որ իմպլանտը չի առաջացնում բորբոքման բարձր մակարդակ՝ համեմատած սովորական գործիքների հետ, ինչը կարևոր է երկարատև օգտագործման համար։ Թիմը լաբորատոր փորձարկումների հետ համատեղ կերպով համակարգչային մոդելավորում է օգտագործել՝ անցքերով հոսքերի բաշխումը օպտիմալացնելու և մատակարարման ճշգրտությունը ապահովելու համար։

Հեղինակների խոսքերով՝ SPIRAL-ը լուծում է ներկայիս իմպլանտների հիմնական խնդիրը, որոնք հաճախ սահմանափակվում են միայն մեկ կամ երկու ներարկման կետերով։ Շնորհիվ պարուրաձև կառուցվածքի, որն ունի հավասարաչափ տեղադրված ելքեր, հնարավոր է ավելի շատ հյուսվածք ծածկել մեկ մուտքի միջոցով։

Հետազոտողները նշում են նաև SPIRAL-ը էլեկտրական խթանման կամ այլ թերապևտիկ միջամտությունների համար հարմարեցնելու հեռանկարը։ Սա կարող է օգտակար լինել նյարդաբանական այնպիսի վիճակների դեպքում, ինչպիսիք են էպիլեպսիան, Պարկինսոնի հիվանդությունը և այլն։