Ամբողջահատիկից մթերքների կանոնավոր օգտագործումը կարող է նպաստել տարեց հասակում հիշողության և մտավոր պարզության պահպանմանը։ Այս եզրակացությանն են եկել չինացի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Food & Function (F&F) ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան հինգ հազար մարդ, մասնակիցների միջին տարիքը կազմել է 64 տարի։ Չունցինի և Պեկինի հետազոտողները վերլուծել են մասնակիցների սննդակարգը և համեմատել տվյալները հիշողության, ուշադրության և մտածողության արագության գնահատման ճանաչողական թեստերի արդյունքների հետ։
Արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր ամեն օր մոտ 75 գրամ ամբողջահատիկից պատրաստված մթերք են օգտագործում, 18%-ով ավելի հազվադեպ են բախվում թեթև ճանաչողական խանգարումների հետ և ընդհանուր առմամբ ավելի լավ ցուցանիշներ են դրսևորում բոլոր թեստերում։ Հատկապես ուժեղ կապ է նկատվում սննդակարգում ամբողջահատիկ մթերքների քանակի, բանավոր հիշողության մակարդակի և ուշադրության կենտրոնացման միջև։
Գիտնականների խոսքով՝ դրական ազդեցությունը կարող է կապված լինել ամբողջահատիկ մթերքներում մանրաթելերի, B խմբի վիտամինների, մագնեզիումի և հակաօքսիդանտների բարձր պարունակության հետ։ Այս բոլոր նյութերը նպաստում են նեյրոնների պաշտպանությանը և անոթների առողջության պահպանմանը։






