Քաշի նվազեցման համար նախատեսված GLP-1 դասի դեղամիջոցները (ինչպիսին է «Օզեմպիկը») նվազեցնում են շնչուղիների ծանրաբեռնվածությունը՝ պաշտպանելով քնի ապնոէի մահացու ելքից։ Այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի գիտնականները։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Չիկագոյում Ամերիկյան կրծքային բժիշկների քոլեջի (CHEST 2025) ամենամյա գիտաժողովում։
Գիտնականները վերլուծել են 1,8 միլիոն մարդու առողջական վիճակի մասին տվյալները։ Փորձարկվողների թվում եղել են ինչպես երկրորդ տիպի շաքարախտով պացիենտներ, այնպես էլ արյան մեջ շաքարի նորմալ կարգավորում ունեցող մարդիկ։ Հետազոտողները նաև ճշտել են, թե արդյոք մասնակիցները տառապել են քնի ապնոէով։
Քնի ապնոէն շնչառության խանգարում է, որի ժամանակ քնի ընթացքում տեղի է ունենում նրա կարճատև դադարեցում։ Այս վիճակը կարող է տևել մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե և կարող է բազմիցս կրկնվել՝ գիշերվա ընթացքում։
Ապնոէն վտանգավոր է օրգանիզմի թթվածնային քաղցի պատճառով․ շնչառության հաճախակի դադարները բարձրացնում են սիրտ-անոթային բարդությունների ռիսկը, ինչպիսիք են ինֆարկտը, ինսուլտը, առիթմիան և սրտի իշեմիկ հիվանդությունը։ Ապնոէն կարող է նաև հանկարծակի մահվան պատճառ դառնալ։
Արդյունքները ցույց են տվել, որ քնի ապնոէով հիվանդների շրջանում, ովքեր ստանում էին GLP-1 թերապիա, մահվան ռիսկը նվազել է 2,5 անգամ՝ համեմատած նրանց հետ, ովքեր չէին ընդունում այդ դեղամիջոցները։ Գիտնականները կարծում են, որ դեղերը բարելավում են նյութափոխանակությունը, նվազեցնում մարմնի քաշը և շնչուղիների ծանրաբեռնվածությունը, դրանով իսկ պաշտպանելով քնի խանգարման հետևանքներից։
Գիտնականների խոսքով՝ ստացված տվյալները կարող են փոխել GLP-1 թերապիայի նշանակման մոտեցումը. քնի ապնոէն կարող է դառնալ դրա կիրառման հնարավոր լրացուցիչ ցուցում։ Մոտ ապագայում թիմը նախատեսում է ուսումնասիրել բացահայտված էֆեկտի հիմքում ընկած մեխանիզմները և ստուգել, թե արդյոք այն պահպանվում է երկարատև ընդունման դեպքում։






