ՄըքՄասթերի համալսարանի գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը պարզել է, որ որովայնի և լյարդի խորքում թաքնված ճարպը կարող է աննկատ վնասել զարկերակները, նույնիսկ այն մարդկանց, որոնք առողջ են թվում։
Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Communications Medicine բժշկագիտական հանդեսում, կասկածի տակ են դնում երկար ժամանակ տարածված այն համոզմունքը, ըստ որի մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) ճարպակալման չափանիշ է, և առաջարկում են նոր պատկերացումներ այն մասին, թե ինչպես է թաքնված ճարպը նպաստում սրտանոթային հիվանդությունների զարգացմանը։
Որովայնային ճարպը (ներքին օրգանները շրջապատող ճարպը) և լյարդի ճարպը (լյարդում պահվող ճարպը) հայտնի են նրանով, որ մեծացնում են 2-րդ տիպի շաքարախտի, բարձր արյան ճնշման և սրտի հիվանդությունների առաջացման վտանգը, սակայն դրանց ազդեցությունը զարկերակների առողջության վրա քիչ է ուսումնասիրվել։
Կանադայում և Մեծ Բրիտանիայում ավելի քան 33 հազար չափահասների տվյալների և առաջադեմ մագնիսառեզոնանսային շերտագրման տեխնիկայի միջոցով գիտնականները պարզել են, որ որովայնային և լյարդի ճարպը սերտորեն կապված է պարանոցի քներակային զարկերակների հաստացման և խցանման հետ։ Այդ զարկերակներն արյուն են մատակարարում ուղեղին, և դրանց նեղացումը ուղեղի կաթվածի և սրտի կաթվածի հիմնական կանխատեսող գործոն է։
«Այդ հետազոտությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ավանդական սրտանոթային ռիսկի գործոնները, մասնավորապես՝ խոլեստերինը և արյան ճնշումը, հաշվի առնելով, նույնիսկ ներքին և լյարդի ճարպը դեռևս նպաստում է զարկերակային վնասմանը»,- ասում է ուսումնասիրության համահեղինակ, ՄըքՄաստերի համալսարանի գիտաշխատող Ռասել դե Սոուզան: «Այդ արդյունքներն արթնացման կոչ են ինչպես բժիշկների, այնպես էլ հանրության համար»:
Հետազոտական խումբը վերլուծել է երկու հիմնական խմբերի՝ «Առողջ սրտի և բանականության կանադական դաշինքի» (CAHHM) և Մեծ Բրիտանիայի կենսաբանկի տվյալները՝ օգտագործելով մագնիսառեզոնանսային շերտագրում՝ ճարպի բաշխումը և զարկերակային առողջությունը գնահատելու համար: Նրանք պարզել են, որ ներքին ճարպը մշտապես կապված է քներակային անոթների վահանիկների առաջացման և զարկերակային պատի հաստացման հետ, մինչդեռ լյարդի ճարպը ավելի թույլ, բայց դեռևս նշանակալի կապ է ցույց տվել: Կարևոր է, որ այս կապը պահպանվել է նույնիսկ, երբ հետազոտողները ճշգրտումներ են կատարել կենսակերպի և նյութափոխանակության ռիսկի գործոնների համար:
Դրա հետևանքները միանգամայն ընդարձակ են: Բժիշկների համար դա ընդգծում է մարմնի զանգվածի ինդեքսից և իրանի շրջագծից այն կողմ նայելու անհրաժեշտությունը՝ ճարպի բաշխման պատկերագրական գնահատումները դիտարկելու համար: Միջին տարիքի մարդկանց համար դա հիշեցում է, որ թաքնված ճարպը, ոչ միայն տեսանելի քաշը, կարող է աննկատելիորեն մեծացնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը:
«Միշտ հնարավոր չէ մարդու արտաքին տեսքից պարզել՝ նա վիսցերիալ կամ լյարդի ճարպ ունի՞ արդյոք»,- ասում է հետազոտության համահեղինակ Սոնյա Անանդը ՄըքՄասթերի համալսարանից: «Այդ տեսակի ճարպը նյութափոխանակորեն ակտիվ է և վտանգավոր. այն կապված է բորբոքման և զարկերակային վնասման հետ նույնիսկ տեսանելի ավելորդ քաշ չունեցող մարդկանց շրջանում»: Ահա թե ինչու է այդքան կարևոր վերանայել ճարպակալման և սրտանոթային հիվանդությունների ռիսկի գնահատման եղանակները»:






