Գիտնականները պարզել են, որ արևի լույսի պակասը կարող է զգալիորեն բարձրացնել ոչ միայն շաքարային դիաբետի և սիրտ-անոթային հիվանդությունների, այլև դեպրեսիայի, ընդհուպ մինչև ինքնասպանության մտքերի ռիսկը։
Արդյունքները հրապարակվել են Journal of Health Economics-ում:
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր քիչ ժամանակ են անցկացնում արևի տակ, ավելի հաճախ են տառապում նյութափոխանակության խանգարումներից, բարձր ճնշումից և էմոցիոնալ վիճակի վատթարացումից։
Հետազոտողների միջազգային խումբն այս ազդեցությունները կապում է վիտամին D-ի պակասի և ներքին կենսառիթմերի խանգարման հետ։ Երբ արևի լույսը բավարար չէ, նվազում է սերոտոնինի (տրամադրության համար պատասխանատու հորմոն) արտադրությունը և միաժամանակ բարձրանում է մելատոնինի մակարդակը, որն առաջացնում է քնկոտություն և անտարբերություն (ապատիա)։ Այս անհավասարակշռությունը հանգեցնում է սեզոնային դեպրեսիաների և ծանր դեպքերում, կարող է բարձրացնել ինքնասպանությունների ռիսկը։
Գիտնականները նաև հայտնաբերել են, որ արևի լույսի պակասի դեպքում բջիջներն ավելի վատ են արձագանքում ինսուլինին, ինչը մեծացնում է երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։ Միաժամանակ, անոթներում աճում է բորբոքային գործընթացների մակարդակը, վատանում է դրանց առաձգականությունը և բարձրանում սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը։ Այսպիսով, արևի պակասը համակարգային ազդեցություն է ունենում՝ նյութափոխանակությունից մինչև հոգեկան վիճակ։
Հետազոտողները շեշտում են, որ նույնիսկ արևի տակ գտնվելու կարճ ժամանակահատվածները կարող են օգտակար լինել. օրական ընդամենը 15–30 րոպեն բավարար է վիտամին D-ի նորմալ մակարդակը պահպանելու և տրամադրությունը բարելավելու համար։ Սա արևայրուքի մասին չէ, այլ բնական լուսավորության՝ զբոսանքների, բաց պատուհանների, առավոտյան ճառագայթների մասին։
Գիտնականները հույս ունեն, որ նոր տվյալները կօգնեն վերանայել քրոնիկ և հոգեկան հիվանդությունների կանխարգելման ուղեցույցները, հատկապես հյուսիսային շրջանների բնակիչների և նրանց համար, ովքեր ժամանակի մեծ մասն անցկացնում են փակ տարածքներում։






