Ամենատարածված հակադեպրեսանտներից մեկը՝ սերտրալինը, կարող է դրական ազդեցություն ունենալ դեպրեսիայի եւ տագնապայնության հիմնական ախտանիշների, այդ թվում՝ դեպրեսիվ տրամադրության վրա, բուժման առաջին երկու շաբաթվա ընթացքում: Այս եզրակացությանը Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողները հանգել են PANDA լայնածավալ կլինիկական փորձարկման տվյալները վերլուծելուց հետո: Հետազոտությունը հրապարակվել է Nature Mental Health (NMH) ամսագրում:

Սերտրալինը պատկանում է սերոտոնինի ընտրողական հետզավթման ինհիբիտորների (ԸՀԶԻ) դասին, որոնք աշխարհում ամենատարածված նշանակվող հակադեպրեսանտներն են:

Ավելի վաղ՝ 2019թ․, The Lancet Psychiatry-ում հրապարակված ուսումնասիրության նախնական արդյունքները ցույց են տվել, որ սերտրալինը սկզբում նվազեցնում է տագնապայնությունը, իսկ դեպրեսիայի բարելավումը տեղի է ունենում մոտավորապես 12 շաբաթ անց: Սակայն նոր ուսումնասիրությունը փոխել է այս պատկերացումը:

Գիտնականներն օգտագործել են նորարարական վիճակագրական մոտեցում՝ ցանցային վերլուծություն, գնահատելու համար, թե ինչպես են տարբեր ախտանիշներն արձագանքում բուժմանը:

«Մեր վերլուծությունը ցույց է տվել, որ սերտրալինը նվազեցրել է տխրության, վատ զգացողության, տագնապայնության եւ ինքնասպանության մտքերի զգացողությունները բուժումը սկսելուց հետո երկու շաբաթվա ընթացքում»,  ասել է հետազոտության առաջատար հեղինակ, բժիշկ Ջուլիա Պիացան։

Միեւնույն ժամանակ պացիենտներն ունեցել են հակադեպրեսանտներին բնորոշ կողմնակի ազդեցություններ՝ լիբիդոյի նվազում, հոգնածություն եւ քնի խանգարումներ։ Գիտնականները նշել են, որ նման ախտանիշները կարող են լինել դեղամիջոցի, ինչպես նաեւ դեպրեսիայի մի մասի հետեւանք, ինչը դժվարացնում է դրա ազդեցության գնահատումը։

Հետազոտողների խոսքով՝ ֆիզիկական ախտանիշները վատթարացել են առաջին շաբաթներին, բայց կայունացել են մոտավորապես վեց շաբաթ անց, մինչդեռ հուզական բարելավումները շարունակել են աճել 12 շաբաթվա ընթացքում։

«Քնի խանգարումների եւ լիբիդոյի նվազման նման կողմնակի ազդեցությունները ժամանակի ընթացքում պակասում են, մինչդեռ հուզական ախտանիշները շարունակում են բարելավվել՝ սա նպաստում է ընդհանուր թերապեւտիկ ազդեցությանը»,- բացատրել է բժիշկ Պիացան։

Հետազոտողները կարծում են, որ հակադեպրեսանտների ազդեցությունը վերլուծելու նոր մոտեցումը կօգնի բժիշկներին եւ պացիենտներին ավելի լավ հասկանալ բուժման դինամիկան եւ կայացնել ավելի հիմնավորված որոշումներ թերապիայի մասին։