Պարը կարող է մեղմել դեպրեսիայի ախտանիշները, օգնել հասկանալ դրա պատճառները եւ խթանել անձնական աճը: Այս եզրակացությանն են հանգել Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի հետազոտողները, որոնք համատեղել են հոգեբանության, սոցիալական հոգեբանության եւ արվեստի պատմության մոտեցումները: Հետազոտությունը հրապարակվել է Narrative Works ամսագրում։
«Դեպրեսիան հանրային առողջապահական լուրջ խնդիր է, եւ կա լրացուցիչ բուժումների անհրաժեշտություն: Մենք գիտենք, որ ֆիզիկական ակտիվությունը օգնում է, բայց պարի նման արտահայտչական տարրերի ներառումը գործընթացը դարձնում է ավելի գրավիչ եւ խորը», նշել է դեռահասների հոգեբուժության պրոֆեսոր Թոմի Տոլմունենը։
Պարերը նվազեցնում են սթրեսի հորմոնների՝ կորտիզոլի եւ նորադրենալինի մակարդակը, բարձրացնում դոֆամինի մակարդակը, որը կապված է հաճույքի եւ մոտիվացիայի հետ, ինչպես նաեւ նպաստում է մարմնի գիտակցմանը եւ ծառայում է որպես միջոց՝ արտահայտելու այն զգացմունքները, որոնք դժվար է բառերով արտահայտել:
Հետազոտությանը մասնակցել են յոթ դեռահասներ, որոնք ունեցել են թեթեւից մինչեւ միջին աստիճանի դեպրեսիա։ Ծրագրի շրջանակում նրանք ստեղծել են թվային պարային ներկայացում, որն արտացոլել է նրանց «ցանկալի ապագան»։ Օգտագործվել են իմպրովիզացիա եւ եռաչափ շարժման ձայնագրություն, ինչը թույլ է տվել մասնակիցներին դիտարկել իրենց դրսից եւ մտորել իրենց վիճակի մասին։
Արդյունքները ցույց են տվել, որ նախագծին մասնակցությունը հանգեցրել է դեպրեսիվ ախտանիշների նվազմանը, ինքնագնահատականի բարձրացմանը եւ մարմնական հույզերը ճանաչելու եւ զգալու ունակությանը։ Հզոր ազդեցություն են ունեցել վստահության մթնոլորտը, խմբին պատկանելության զգացումը եւ աջակցությունը։
«Դեպրեսիան հաճախ խաթարում է սեփական մարմնական զգացողությունների ընկալումը, այն, ինչ անվանում են ինտերոցեպցիա։ Պարի միջոցով մասնակիցները կարողացել են վերամիավորվել իրենց մարմինների հետ եւ նորովի զգալ իրենց ինքնությունը»,- բացատրել է Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի ավագ գիտաշխատող, դոցենտ Հաննա Պոհյոլան։
Հետազոտողների խոսքով՝ պարի միջոցով զգացմունքներն արտահայտելու եւ իրենց դրսից տեսնելու հնարավորությունն օգնել է դեռահասներին ավելի լավ հասկանալ իրենց վիճակի պատճառները եւ սկսել ինքնաճանաչման գործընթացը։ «Մասնակիցների համար սա քայլ էր դեպի իմաստալից, լիարժեք կյանք՝ նպատակի եւ ուրախության զգացում սեփական շարժման մեջ»,- եզրափակել է Պոհյոլան։
Գիտնականները կարծում են, որ պարային արվեստի ձեւերի ներառումը հոգեթերապիայի ծրագրերում կարող է խոստումնալից մոտեցում լինել դեպրեսիվ խանգարումներ ունեցող մարդկանց աջակցելու համար։






