Մոսկվայի պետական համալսարանի «Ուղեղ, ճանաչողական համակարգեր, արհեստական ինտելեկտ» միջգերատեսչական գիտակրթական դպրոցի գիտնականները մշակել են մոդել՝ հիմնված Paramecium caudatum ինֆուզորիաների վրա, ադրենոռեցեպտորների ագոնիստներն ու բլոկատորները փորձարկելու համար։ Արդյունքները հրապարակվել են Clinical Case Reports and Reviews ամսագրում։

Նոր դեղամիջոցների ստեղծումը պահանջում է հարյուրավոր միլիոն դոլարներ և տևում է տարիներ։ Ամենաթանկ փուլերից մեկը միացությունների նախնական սքրինինգն է, երբ հետազոտողները թեկնածուներ են ընտրում հետագա փորձարկումների համար, փոխանցում է «Научная Россия»-ն։ Դրա համար ավանդաբար օգտագործվում են բջջային կուլտուրաներ կամ կենդանական մոդելներ, ինչը կապված է բարձր ծախսերի և կենսաէթիկական սահմանափակումների հետ։

Մոսկվայի պետական համալսարանի գիտնականներն առաջարկել են ավելի պարզ և մատչելի համակարգ՝ Paramecium caudatum ինֆուզորիաները։ Այս միաբջիջ օրգանիզմները զգայուն են քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ և դեղաբանական գործոնների հետ շփվելիս վարքագծի վերարտադրելի փոփոխություններ են ցուցադրում։

Աշխատանքում ուսումնասիրվել են ադրենոռեցեպտորների ագոնիստների և բլոկատորների ազդեցությունները. դրանք հանդիսանում են այն բազմաթիվ դեղամիջոցների հիմնական թիրախները, որոնք կիրառվում են սրտաբանության, նյարդաբանության և անզգայացման (անեսթեզիոլոգիա) մեջ։ Պարզվել է, որ ինֆուզորիաների մոտ հնարավոր է հուսալիորեն ֆիքսել այդ նյութերի նկատմամբ ռեակցիան. դա դրսևորվում է շարժունակության, շարժման ուղղության և խթանման նկատմամբ զգայունության փոփոխություններով։ Այս ազդեցությունները համադրելի են եղել այն ազդեցությունների հետ, որոնք դիտվում են կաթնասունների հյուսվածքների վրա կատարված փորձերում։

«Մենք առաջարկել ենք պարզ և մատչելի մոդել, որը թույլ է տալիս արագ բացահայտել միացությունների դեղաբանական ազդեցությունները։ Ինֆուզորիաների օգտագործումն օգնում է նվազեցնել հետազոտությունների արժեքը և շրջանցել այն սահմանափակումները, որոնք կապված են ողնաշարավոր կենդանիների հետ աշխատելու կենսաէթիկայի հետ», - ընդգծում է Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի Բարձրագույն նյարդային գործունեության ամբիոնի գիտաշխատող Գլեբ Գրուզդևը։

Հեղինակները նշում են, որ նման համակարգը կարող է օգտագործվել ոչ միայն դեղաբանական լաբորատորիաներում, այլ նաև կրթական գործընթացում. ուսանողները կկարողանան յուրացնել փորձարարական կենսաբանության մեթոդները կենդանի օբյեկտների վրա՝ առանց ողնաշարավոր կենդանիների հետ աշխատելու անհրաժեշտության։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ պարզագույն օրգանիզմները կարող են օգտակար գործիք դառնալ ժամանակակից կենսաբժշկական հետազոտությունների համար՝ օգնելով արագացնել նոր դեղամիջոցների մշակումը և նվազեցնել ավելի թանկ ու էթիկապես զգայուն մոդելների վրա դրված բեռը։