Օհայոյի պետական համալսարանի գիտնականները պարզել են, որ երբ աշխատանքային հիշողությունը գերծանրաբեռնված է, չափահասները կորցնում են կենտրոնացումը և սկսում են որոշումներ ընդունել փոքր երեխաների պես։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Experimental Psychology: General (JEPG) բժշկագիտական հանդեսում։
Ըստ պրոֆեսոր Վլադիմիր Սլուցկիի՝ երեխաների աշխատանքային հիշողությունը բավականաչափ զարգացած չէ, ուստի նրանք միշտ չեն կարող «մտքում պահել առաջադրանքի նպատակը» և արդյունավետորեն կենտրոնացնել ուշադրությունը։ Արդյունքում, նրանց գործողությունները ցրված են թվում։ Այդ վարքային բնութագրի պատճառները հասկանալու համար գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է հինգ տարեկան 40 երեխա և 71 չափահաս կամավոր։
Հետազոտվողներին խնդրել են համակարգչային խաղ խաղալ։ Դրա նպատակն էր չորս այլմոլորակային էակներից վիրտուալ կոնֆետներ հավաքել։ Յուրաքանչյուր էակ տարբեր քանակությամբ կոնֆետներ էր բաժանում, ինչի մասին մասնակիցները նախապես չգիտեին: Մասնակիցներին հանձնարարվել էր հնարավորինս շատ կոնֆետներ հավաքել։
Որոշ չափահասների տրվել է աշխատանքային հիշողության լրացուցիչ առաջադրանք՝ հետևել էկրանին թվերի հոսքին և բարձրաձայն հայտնել յուրաքանչյուր երկրորդ կենտ թիվը, երբ դրանք միասին են հայտնվում։
Չնայած բոլոր մասնակիցները կռահում էին, թե այլմոլորակային որ արարածն է ամենաշատ կոնֆետներ արտադրել, երբ հիշողության ծանրաբեռնվածությունը մեծանում էր, չափահասները երեխաների պես հաճախ այլ կերպարներ էին ընտրում։
Ըստ Սլուցկիի՝ աշխատանքային հիշողությունն օգնում է ձևավորել «ուշադրության քարտեզներ»՝ մտավոր մոդելներ, որոնք ուղղորդում են ուշադրությունը կարևոր տեղեկությունների վրա և օգնում են մեզ ավելի արդյունավետ կատարել առաջադրանքները։ Եթե հիշողության ռեսուրսներնանբավարար են, մարդն անորոշությունը փոխհատուցելու համար ստիպված է ավելի շատ տարբերակներ ուսումնասիրել՝ ։
Այսպիսով, աշխատանքային հիշողության գերբեռնվածությունը մեծահասակների մոտ հանգեցնում է նույն կենտրոնացման խնդիրներին, ինչ երեխաների մոտ։ Միևնույն ժամանակ, փոքր երեխաների «ցրված» վարքագիծը դրական ազդեցություն ունի. այն հնարավորություն է տալիս նրանց ավելի շատ մանրամասներ նկատել։
Հետազոտողների կարծիքով՝ այդ արդյունքները կարող են օգտակար լինել մանկավարժության համար՝ օգնելով երեխաների ուշադրության և ուսումնասիրության բնական հակումները հաշվի առնող ուսուցման ռազմավարություններ մշակել։






