Հիպերտոնիայի դեմ օգտագործվող դեղահաբերը, խոլեստերինի մակարդակն իջեցնող դեղամիջոցները եւ այրոցի դեմ կիրառվող դեղերը իջեցնում եմ կաթնագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների ողջ մնալու հավանականությունը եւ բարձրացնում բուժման կողմնակի ազդեցությունների վտանգը։ Այսպիսի եզրահանգման են եկել Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Cancer Medicine ամսագրում։

Տվյալներն ստացվել են 19 խոշոր կլինիկական հետազոտությունների արդյունքում, որոնք հովանավորվել են դեղագործական ընկերությունների կողմից։ Դրանց մասնակցել են ավելի քան 23 հազար կանայք։ Տվյալները ցույց են տվել. պրոտոնային պոմպի ինհիբիտորները (ՊՊԻ), որոնք օգտագործվում են մարսողության խանգարման եւ այրոցների բուժման համար, նվազեցնում են ողջ մնալու հավանականությունը կրծքի քաղցկեղի ժամանակ։ Այդ դեղերի ընդունումը նաեւ 36 տոկոսով բարձրացրել է  բուժման ծանր կողմնակի ազդեցությունների վտանգը։

Գիտնականները ենթադրում են, որ պրոտոնային պոմպի ինհիբիտորները կարող են ազդել օրգանիզմի իմունային արձագանքի վրա, ինչպես նաեւ փոխել հակաքաղցկեղային դեղամիջոցների ներծծման եւ մետաբոլիզմի պրոցեսը։ Սակայն այս տեսության հաստատման համար անհրաժեշտ են հետագա հետազոտություններ։

Լրացուցիչ պարզվել է, որ այն դեղամիջոցները, որոնք սովորաբար նշանակում են սրտի հիվանդությունների կամ հիպերտոնիայի ժամանակ, նույնպես բարձրացնում են կողմնակի ազդեցությունների առաջացման հավանականությունը։ Այդ խմբի մեջ են մտնում բետա-բլոկատորները, ԱՊՖ ինհիբիտորները, անգիոտենզիայի ռեցեպտորների բլոկատորները եւ կալցիումային խողովակների բլոկատորները։

Ստատինները եւ մետֆորմինը, որոնք հաճախ օգտագործվում են խոլեստերինի մակարդակի իջեցման եւ դիաբետի բուժման համար՝ համապատասխանաբար, էական ազդեցություն չեն գործել ողջ մնալու եւ թերապիայի ընթացքի վրա։