Սննդի վրա չափից շատ աղ լցնելու սովորությունը կարող է լուրջ հիվանդություններ առաջացնել, գրում է Daily Mail-ը։

«Օրգանիզմում աղի ավելցուկը հանգեցնում է արյան մեջ ջրի կուտակմանը՝ բարձրացնելով արյան ճնշումը։ Սա, իր հերթին, մեծացնում է ինսուլտի կամ սրտի կաթվածի, ինչպես նաև օստեոպորոզի և նույնիսկ ստամոքսի քաղցկեղի ռիսկը», – ընդգծել է թերթը։

Daily Mail-ը հիշեցրել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության այն հանձնարարականի մասին, որ օրական պետք է մինչև վեց գրամ աղ սպառել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ Միաժամանակ, պարբերականը նշել է, որ հետազոտությունների արդյունքներով, մեծահասակներն օգտագործում են այդ նորմայից 40 տոկոսով ավելի՝ օրական մոտ 8,4 գրամ։

Աղի սպառման մակարդակը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում ուտելիքին ավելացնել համեմունքներ և  բուրումնավետիչներ, ինչպես նաև եփելիս օգտագործել լոլիկ, սունկ, խմորված մթերքներ և այլ բաղադրիչներ, որոնք հարուստ են ումամի համով։