Գիտնականները նախակլինիկական հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ մկների մոտ ալկոհոլի երկարատև ազդեցությունը հանգեցնում է ուղեղի որոշակի նեյրոնների ակտիվության նվազմանը։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Society for Neuroscience ամսագրում։
Այս արդյունքներն օգնում են ավելի լավ հասկանալ ալկոհոլային կախվածության և էմոցիոնալ խանգարումների մեխանիզմները։ Հետազոտությունը անցկացվել է Հյուսիսային Կարոլինայի Չապել-Հիլլի համալսարանի գիտնականների խմբի կողմից։ Փորձի համար օգտագործվել են էգ մկներ, քանի որ լաբորատոր պայմաններում նրանք ավելի ակտիվ են ալկոհոլ օգտագործում, քան արուները։
Փորձի ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են կենտրոնական նշաձև մարմնում առկա նեյրոնները։ Ուղեղի այդ հատվածը կապված է էմոցիոնալ ռեակցիաների, սթրեսի և ալկոհոլի օգտագործման վերահսկման հետ։ Նրանք հայտնաբերել են, որ կենդանիների վրա էթանոլի ազդեցությունը հանգեցնում էր այդ նեյրոնների ակտիվության ճնշմանը։ Միևնույն ժամանակ, պսիլոցինի ներարկումը, որը հոգեմետ նյութերի ածանցյալ է, այն դիտարկվում է որպես ալկոհոլի հետ կապված խանգարումների պոտենցիալ բուժման միջոց։ Այն է՛լ ավելի է իջեցրել նեյրոնների ակտիվությունը և նվազեցրել մկների մոտ ալկոհոլի օգտագործումը։
Արդյունքները ցույց տվեցին, որ նույնիսկ ալկոհոլի չափավոր ազդեցությունը ունակ է փոխել կենտրոնական նշաձև մարմնի նեյրոնների ակտիվությունը՝ հաստատելով նրանց առանցքային դերը ալկոհոլի հետ կապված վարքի և էմոցիոնալ ռեակցիաների կարգավորման գործում։ Գիտնականներն ընդգծել են, որ այդ նեյրոնների ակտիվության նվազումը կարող է փոքրացնել ալկոհոլ օգտագործելու հակումը, մինչդեռ բարձր ակտիվությունը կապված է ալկոհոլային կախվածության և սթրեսային ռեակցիաների ուժեղացման հետ։
Հետազոտողները նշում են, որ առայժմ ստացված տվյալները վերաբերում են միայն կենդանական մոդելներին և պահանջում են հետագա ուսումնասիրություններ՝ հասկանալու համար, թե որքանով են այս մեխանիզմները գործում մարդու մոտ։ Այնուամենայնիվ, հայտնագործությունը կարևոր ուղղություն է տալիս ապագա թերապիայի համար. կենտրոնական նշաձև մարմնի նեյրոնները կարող են թիրախ դառնալ ալկոհոլի և սթրեսի հետ կապված խանգարումների բուժման մեթոդների համար։
Ընդհանուր առմամբ, հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես են թունավոր նյութերի, օրինակ՝ ալկոհոլի, ազդեցությունը կարող է փոխել ուղեղի էմոցիոնալ կենտրոնների աշխատանքը և ազդել վարքի վրա։ Ապագայում այս գիտելիքները կարող են օգնել ալկոհոլային խանգարումների կանխարգելման և բուժման նոր մոտեցումների մշակմանը։






