Երկար ժամանակ համարվում էր, որ նիհարելը կամ քաշ կորցնելը կամքի ուժի հարց է. պարզապես պետք է քիչ ուտել և շատ շարժվել։ Սակայն գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է. մարդու ուղեղն ակտիվորեն դիմադրում է քաշի նվազեցմանը՝ այն ընկալելով որպես գոյատևման սպառնալիք։ Աշխատանքը հրապարակվել է «Cell» ամսագրում։

Դեռևս մեր նախնիների մոտ ճարպը կենսականորեն կարևոր էներգիայի պաշար էր։ Եթե այն չափազանց քիչ էր՝ կարելի էր մեռնել քաղցից, եթե չափազանց շատ էր՝ կնվազեր շարժունակությունը և արտաքին սպառնալիքներին դիմադրելու հնարավորությունը։ Էվոլյուցիայի հարյուր հազարավոր տարիների ընթացքում մարդկային օրգանիզմը մշակել է հզոր կենսաբանական մեխանիզմներ, որոնք պաշտպանում են կուտակված պաշարները։ Սակայն մի աշխարհում, որտեղ սնունդը հասանելի է ցանկացած պահի, իսկ շարժումը դարձել է ընտրովի գործողություն, հենց այդ նույն համակարգերն են խոչընդոտում քաշի նվազեցմանը։

Երբ մարդը սկսում է քաշ կորցնել, մարմինը դրան արձագանքում է որպես սպառնալիք. քաղցը մեծանում է, ախորժակի հորմոնները բարձրանում են և նյութափոխանակությունը դանդաղում է: Մարմինը փորձում է խնայել էներգիան՝ մի վարքագիծ, որը մի ժամանակ օգնում էր գոյատևմանը, բայց այժմ խոչընդոտում է քաշի կորստին:

Ուղեղը հիշում է ավելի բարձր քաշը և ձգտում է պահպանել այն, նույնիսկ եթե մարդը նիհարել է։ Սա բացատրում է, թե ինչու է շատերի համար դժվար պահպանել դիետայից հետո ձեռք բերված արդյունքը. մարմինը պարզապես քաշը վերադարձնում է նախկին մակարդակին՝ այն համարելով անվտանգ։

«Քաշ հավաքելը ակտիվացնում է ուղեղի այն համակարգերը, որոնք այդ մակարդակը ընկալում են որպես նորմա։ Քաշի նվազեցումից հետո օրգանիզմը բոլոր ուժերով փորձում է վերադառնալ դրան. դա թուլություն չէ, այլ կենսաբանություն, որը կատարելագործվել է միլիոնավոր տարիների էվոլյուցիայի ընթացքում», — նշել են աշխատանքի հեղինակները։

Քաշի նվազեցման ժամանակակից դեղամիջոցներն աշխատում են՝ աղիքային հորմոնների նմանակմամբ, որոնք ուղեղին հաղորդում են կշտացածության մասին։ Դրանք օգնում են շրջանցել քաշը պաշտպանելու բնական մեխանիզմները, սակայն դրանց ազդեցությունը ունիվերսալ չէ. պացիենտների մի մասը բախվում է կողմնակի ազդեցությունների կամ չի ստանում ակնկալվող արդյունքը։ Թերապիան դադարեցնելուց հետո քաշը հաճախ վերադառնում է։

«Եթե դժվար եք նիհարում և արդյունքը պահպանում, իմացե՛ք՝ դուք մենակ չեք և դա Ձեր մեղքը չէ։ Ձեր ուղեղը պարզապես անում է այն, ինչ միշտ արել է՝ պաշտպանում է Ձեզ», - եզրափակել են հետազոտողները։

Գիտնականները կարծում են, որ նյարդակենսաբանության և նյութափոխանակության ոլորտում հետագա հաջողությունները կօգնեն մշակել մեթոդներ, որոնք կկարողանան «վերածրագրավորել» ուղեղի ազդանշանները և կայունացնել քաշը նույնիսկ նիհարելու գործընթացն ավարտելուց հետո։