Միայնությունը միշտ չէ, որ կապված է ընկերների պակասի հետ: Ամերիկացի հետազոտողները, Կանզասի համալսարանի հաղորդակցության ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ջեֆրի Հոլի գլխավորությամբ, պարզել են, որ շատ երիտասարդներ միաժամանակ իրենց զգում են և՛ սոցիալապես ներառված, և՛ հուզականորեն մեկուսացված՝ հակառակ զբաղված կյանքին, ընկերների աջակցությանը և լայն սոցիալական շրջանակին: Ուսումնասիրությունը հրապարակվել է PLOS One ամսագրում:

Հետազոտողները հարցում են անցկացրել բոլոր տարիքի գրեթե 5000 մարդու շրջանում՝ գնահատելով նրանց սոցիալական կապերը և կյանքի վերջին փոփոխությունները:

Երիտասարդների մեծ մասը հայտնել է, որ գոհ է ընկերական հարաբերություններից և վստահ է նոր ծանոթություններ հաստատելու իր ունակության մեջ: Սակայն, շատերը նաև խոստովանել են, որ միայնակ են զգում: Հոլի խոսքով՝ կարևոր է ոչ միայն մարդու սոցիալական շրջանակի չափը, այլև ժամանակակից կյանքի անկայունությանը հաղթահարելու ունակությունը:

«Այսօր առավել հաճախ է ասվում, որ երիտասարդները մեկուսացված են, փակված և անկարող են կապեր հաստատելու,- նշել է Հոլը,- Մեր հետազոտությունը ցույց է տալիս հակառակը. երիտասարդները շատ ընկերներ ունեն և ջանք են թափում կապը պահպանելու համար: Սակայն նրանք կարող են իրենց միայնակ զգալ և միևնույն ժամանակ սոցիալապես ակտիվ լինել»:

Աշխատանքի հիմնական հասկացությունը «գոյաբանական անվտանգությունն» էր՝ կանխատեսելիության և կայունության զգացումը, որը ձևավորում է հուզական բարեկեցությունը: Աշխատանքի, ուսման, հարաբերությունների կամ բնակության վայրի հաճախակի փոփոխությունները խաթարում են այդ զգացողությունը, նույնիսկ եթե սոցիալական ցանցն ուժեղ է:

Հեղինակները նշում են, որ ազդեցությունը հատկապես արտահայտված է բարձրագույն կրթություն ունեցող կանանց շրջանում. լուրջ հարաբերություններ ուշ հաստատելը և չափահաս կյանքին անցնելու ձգձգվածությունը մեծացնում են զգացմունքների ամբիվալենտությունը, երբ մարդը շրջապատված է մարդկանցով, բայց ներքուստ անկայուն է:

Դրան հակառակ, սոցիալական բարեկեցության ամենաբարձր մակարդակ ունեցող մասնակիցներն ավելի մեծահասակ էին, ապրում էին ավելի կանխատեսելի կյանքով և ավելի քիչ սթրես էին ապրում: Նրանց շփման շրջանակն ավելի փոքր էր, բայց ավելի կայուն:

Հեղինակների կարծիքով՝ երիտասարդների շրջանում միայնությունը հաճախ ոչ թե սոցիալական ճգնաժամն է արտացոլում, այլ անցումային շրջանը: Մեծ մասը հաղորդակցության պակաս չի զգում, նրանք պարզապես սովորում են պահպանել մտերմությունը՝ անընդհատ փոփոխությունների պայմաններում: