Միլանի Պոլիտեխնիկական համալսարանի հետազոտողները պարզել են, որ Լոմբարդիայում սրտի հանկարծակի կանգի հավանականությունը նկատելիորեն բարձրանում է այն օրերին, երբ բարձր է օդի աղտոտվածության մակարդակը։ Արդյունքները հրապարակվել են Global Challenges ամսագրում։
Գիտնականները վերլուծել են 2016-2019թթ. տարածաշրջանում տեղի ունեցած հիվանդանոցից դուրս սրտի կանգի 37 613 դեպք՝ յուրաքանչյուր դեպքը կապելով օդի հիմնական աղտոտիչների՝ PM₂-5 եւ PM₁₀ մանր մասնիկների, ազոտի երկօքսիդի, օզոնի եւ ածխածնի մոնօքսիդի օրական խտությունների հետ։
Տվյալները ստացվել են եվրոպական «Կոպեռնիկոս» ծրագրի արբանյակներից։ Մաթեմատիկական մոդելները թույլ են տվել հետեւել, թե ինչպես են օդի որակի տատանումները կապված սրտային դեպքերի թվի աճի հետ։
Ամենաուժեղ կապը եղել է ազոտի երկօքսիդինը. մեկ խորանարդ մետրի համար NO₂-ի խտության յուրաքանչյուր տասը միկրոգրամ աճի դեպքում հաջորդ իննսունվեց ժամվա ընթացքում սրտի կանգի ռիսկը մեծանում է յոթ տոկոսով։ PM₂-5 եւ PM₁₀ մանր մասնիկների դեպքում ռիսկը մեծանում է համապատասխանաբար մոտավորապես երեք եւ երկուսուկես տոկոսով, եւ դա արդեն աղտոտվածության հետ շփման օրը։
Հատկապես խոցելի են եղել քաղաքային տարածքները, սակայն նշանակալի կապեր են հայտնաբերվել նաեւ գյուղական վայրերում: Ազդեցությունն ավելի ուժեղ է եղել ամռանը, ինչը ենթադրում է ջերմության եւ օդային աղտոտիչների միջեւ հնարավոր փոխազդեցություն։
Կարեւոր է, որ ռիսկը մեծանում էր նույնիսկ պաշտոնական սահմաններից ցածր աղտոտվածության մակարդակներում, ինչը նշանակում է, որ, կարծես թե, անվտանգ շեմ չկա։
Հեղինակներն ընդգծել են, որ այս տվյալները պետք է կարեւոր ազդանշան ծառայեն տեղական առողջապահական համակարգերի համար: Ուժեղ թունամշուշի ժամանակ շտապօգնության ծառայությունները կարող են զանգերի աճ գրանցել, եւ դա պետք է կանխատեսել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշել է, որ օդի աղտոտվածությունը ոչ վարակիչ հիվանդությունների երկրորդ ամենամեծ բնապահպանական ռիսկի գործոնն է եւ ամեն տարի ամբողջ աշխարհում միլիոնավոր կյանքեր է խլում: Լոմբարդիան, որը Եվրոպայի ամենախիտ բնակեցված եւ արդյունաբերականացված շրջաններից մեկն է, հատկապես տուժում է ձմռանը, երբ ջեռուցումը եւ անբարենպաստ եղանակային պայմանները վատթարացնում են օդի որակը։






