Տոկիոյի Մետրոպոլիտեն համալսարանի գիտնականները կարևոր քայլ են կատարել Ալցհայմերի հիվանդությունը հասկանալու ուղղությամբ՝ դիմելով պոլիմերային ֆիզիկայի ուսումնասիրություններին։ Նրանք ուսումնասիրել են թաու սպիտակուցի մանրաթելերի՝ նեյրոնների քայքայման մեջ կարևոր դեր ունեցող կառուցվածքների առաջացումը և հայտնաբերել, որ մանրաթելերը հանկարծակի չեն առաջանում։

Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Science Direct ամսագրում։

Մինչև երկար ախտաբանական թելերի վերածվելը, թաու-սպիտակուցը նախ հավաքվում է խոշոր փափուկ կլաստերների մեջ, որոնք նման են միջանկյալ կառույցների, որոնք ձևավորվում են պոլիմերների բյուրեղացման ժամանակ։

Երբ հետազոտողները խզել են այս վաղ կլաստերները՝ մանրաթելերը դադարել են ձևավորվել։ Այս արդյունքը խոստումնալից ուղի է բացում նեյրոդեգեներատիվ հիվանդությունների դեմ պայքարի նոր ռազմավարությունների համար։

Աշխատանքը ղեկավարել է պրոֆեսոր Ռեյ Կուրիտան։ Նրա թիմն օգտագործել է այնպիսի մեթոդներ, որոնք կիրառվում են այնպիսի ուսումնասիրությունների համար, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են պոլիմերները անկանոն վիճակից անցնում կանոնավոր բյուրեղային կառուցվածքների։ Սովորաբբար, պոլիմերը բյուրեղ չի «կառուցում» շղթայով, այլ անցնում է փխրուն նախորդի փուլով։ Այս նմանությամբ գիտնականներն ուսումնասիրել են թաու-սպիտակուցը լուծույթում և պարզել, որ այն նույնպես սկզբում ձևավորում է ժամանակավոր, փափուկ գոյացություններ, որոնց չափը կազմում է ընդամենը մի քանի տասնյակ նանոմետր։ Դրանց գոյությունը հաստատվել է փոքր անկյան տակ ռենտգենյան ճառագայթների ցրման և ֆլուորեսցենտային մեթոդների միջոցով։

Հատկապես կարևոր է այն, որ այդ կլաստերները հնարավոր է «քայքայել»։ Հետազոտողները փոխել են նատրիումի քլորիդի կոնցենտրացիան հեպարինի առկայությամբ և պարզել, որ լիցքավորված իոնների մակարդակի բարձրացումը թուլացնում է հեպարինի հետ սպիտակուցի փոխազդեցությունը։ Էլեկտրաստատիկ «էկրանավորումը» խոչընդոտում է մոլեկուլներին գտնել միմյանց և հավաքվել, և ի վերջո, ֆիբրիլներ գրեթե չեն առաջանում։

Հեղինակները կարծում են, որ միջամտությունը ամենավաղ, շրջելի փուլում կարող է դառնալ Ալցհեյմերի հիվանդության թերապիայի նոր ուղղությունը։ Այս մոտեցումը պոտենցիալ կիրառելի է նաև այլ հիվանդությունների համար, օրինակ՝ Պարկինսոնի հիվանդության դեպքում, որտեղ նույնպես առաջանում են ախտաբանական սպիտակուցային ագրեգատներ։