Ինսուլտը շարունակում է մնալ աշխարհում հաշմանդամության հիմնական պատճառներից մեկը, ընդ որում, ավելի ու ավելի հաճախ է հանդիպում ոչ միայն տարեցների, այլև երիտասարդ կյանքի առավել ակտիվ տարիներում գտնվող կանանց։ ԱՄՆ-ի տվյալներով՝ ամեն տարի ինսուլտ է տանում մոտավորապես 55 հազարով ավելի շատ կին, քան տղամարդ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ կենսաբանությունը, հորմոնալ փոփոխությունները և սոցիալական գործոնները կանանց համար առանձնահատուկ ռիսկեր են ստեղծում։ Այս մասին հայտնում է The Conversation պորտալը։

Հիմնական մեխանիզմներից մեկը կապված է հղիության հետ։ Այնպիսի վիճակները, ինչպիսիք են հղիության հիպերտենզիան (գեստացիոն հիպերտենզիա) և պրեէկլամպսիան, ուղեկցվում են ճնշման բարձրացմամբ և ներքին օրգանների վնասմամբ։ Սա մեծացնում է ինսուլտի հավանականությունը ինչպես հղիության ընթացքում, այնպես էլ տարիներ անց, քանի որ բարձր ճնշումը վնասում է ուղեղը սնուցող անոթները։

Հորմոնալ հակաբեղմնավորման որոշ տեսակներ ևս կարող են ազդել ռիսկի վրա։ Էստրոգեն պարունակող համակցված օրալ հակաբեղմնավորիչները մեծացնում են արյան մակարդելիության հակումը և կարող են բարձրացնել ճնշումը։ Հատկապես բարձր ռիսկեր են նկատվում 35 տարեկանից բարձր ծխող և միգրենով տառապող կանանց մոտ։ Միայն պրոգեստերոնի վրա հիմնված դեղամիջոցները չունեն այդպիսի ազդեցություններ։

Առանձին գործոն է դառնում դաշտանադադարը։ Էստրոգենի մակարդակի անկման դեպքում անոթային պատերը կորցնում են իրենց էլաստիկությունը, վատանում են լիպիդային ցուցանիշները, ինչը անոթները դարձնում է ավելի խոցելի։ Հորմոնալ փոխարինող թերապիայի որոշ ձևեր կարող են աննշանորեն բարձրացնել ինսուլտի ռիսկը, հատկապես, եթե թերապիան սկսվում է դաշտանադադարից տարիներ անց։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո ունեցած ինսուլտներին։ American Heart and Stroke Association-ի տվյալներով՝ ապագա և նոր ծննդաբերած մայրերը երեք անգամ ավելի հաճախ են ինսուլտ տանում, քան իրենց տարիքի այլ կանայք։

Լրացուցիչ բարդություն է ստեղծում ախտորոշումը։ Կանայք ավելի հաճախ են հայտնում ինսուլտի ոչ տիպիկ ախտանշանների մասին՝ գլխացավ, սրտխառնոց, հոգնածություն, գիտակցության մթագնում, ինչի պատճառով բժիշկները կարող են նրանց վիճակը շփոթել միգրենի, անհանգստության կամ սթրեսի հետ։ Սա հանգեցնում է թանկարժեք ժամանակի կորստի, որից կախված է բուժման ելքը։ Սուբարախնոիդալ արյունազեղումը՝ ինսուլտի ծանր ձև է, որն արտահայտվում է գլխի հանկարծակի ուժեղ ցավով և նույնպես ավելի հաճախ է հանդիպում կանանց մոտ, ինչը կապում են էստրոգենի անկման և գլխուղեղի զարկերակների թուլացման հետ։

Չնայած կուտակված տվյալներին, ինսուլտի բազմաթիվ ռիսկեր, որոնք հատուկ են հենց կանանց, դեռևս բավարար չափով ուսումնասիրված չեն։ Կանայք շարունակում են թերներկայացված լինել կլինիկական հետազոտություններում, ինչի պատճառով ախտորոշիչ և թերապևտիկ մոտեցումները հաճախ ձևավորվում են արական ֆիզիոլոգիայի մասին տվյալների հիման վրա։

Փորձագետներն ընդգծել են, որ իրավիճակի բարելավումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ստեղծվեն կանխարգելիչ ծրագրեր, որոնք հաշվի կառնեն կանանց օրգանիզմի առանձնահատկությունները կյանքի տարբեր փուլերում։ Վաղ ախտորոշումը, ախտանշանների մասին իրազեկվածությունը և բուժման անհատական մոտեցումը կարող են զգալիորեն նվազեցնել ինսուլտի գլոբալ բեռը և օգնել կրճատել գենդերային անհավասարությունը մահացության և հաշմանդամության առումով։