Գլազգոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարմնի տարբեր մասերում առկա քրոնիկական ցավը զգալիորեն մեծացնում է մեծահասակների մոտ արյան ճնշման բարձրացման հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Hypertension ամսագրում։
Գիտնականները նման եզրահանգման են եկել՝ վերլուծելով քրոնիկական ցավ ունեցող ԱՄՆ-ի շուրջ 200 հազար փորձարկվողների առողջական տվյալները։ Մասնակիցները նշել են ցավի տեղակայումը (լոկալիզացիան), դրա տևողությունը և առօրյա ակտիվության վրա ազդեցությունը։ Հետազոտության մեջ ընդգրկվելու համար քրոնիկական ցավը պետք է տևած լիներ առնվազն երեք ամիս։
Արդյունքները ցույց են տվել, որ քրոնիկ լոկալիզացված ցավը հիպերտոնիայի ռիսկը բարձրացնում էր 20%-ով, իսկ կարճատև ցավը՝ 10%-ով։ Ընդ որում, որովայնի քրոնիկական ցավը կապված էր հիվանդության հավանականության 43%-ով ավելացման հետ, գլխացավը՝ 22%-ով, պարանոցի և ուսերի ցավը՝ 19%-ով, իսկ ազդրի և մեջքի ցավը՝ համապատասխանաբար 17%-ով և 16%-ով։
Ուսումնասիրությունը հաշվի է առել լրացուցիչ ռիսկի գործոններ, այդ թվում՝ բորբոքումը և դեպրեսիան: Բորբոքումը գնահատվել է արյան մեջ C-ռեակտիվ սպիտակուցի մակարդակով, իսկ դեպրեսիան՝ դեպրեսիվ տրամադրությունը, հետաքրքրության կորուստը, անհանգստությունը կամ անտարբերությունը գնահատող հարցաթերթիկների միջոցով: Այս գործոնների ազդեցությանը չնայած, քրոնիկ ցավի և բարձր արյան ճնշման միջև կապը պահպանվել է:
«Քրոնիկ ցավ ունեցող մարդկանց օգնություն ցուցաբերելիս բուժաշխատողները պետք է հաշվի առնեն հիպերտոնիայի բարձր ռիսկը, ինչպես ուղղակիորեն, այնպես էլ անուղղակիորեն։ Ցավի վաղաժամ ճանաչումը կարող է նպաստել սրտանոթային բարդությունների ժամանակին ախտորոշմանը և բուժմանը», - նշում է հետազոտության համահեղինակ, բժշկական գիտությունների դոկտոր Ջիլ Փելլը։






