Նիհարել արագ՝ առանց ջանքերի. հենց այդպիսի ազդեցություն են խոստանում TikTok-ի տեսանյութերը, որտեղ  Molecule հաբերն ընդունելուց հետո բլոգերները ցուցադրում են «կախարդական» փոփոխություններ։ Այս հավելումն արագորեն ժողովրդայնություն է ձեռք բերում Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի երիտասարդության շրջանում։ Սակայն, ինչպես ցույց է տվել BBC-ի վերջին հետաքննությունը, գովազդային հայտարարությունների ետևում շատ ավելի վտանգավոր իրականություն է թաքնված։ Այս մասին հայտնում է The Conversation պորտալը։

Թեև Molecule-ի փաթեթավորման վրա նշված են անվնաս բաղադրիչներ՝ խատուտիկի արմատ, սամիթի սերմեր և սև թեյ, լաբորատոր թեստերը պատիճներում հայտնաբերել են սիբուտրամին։ Այս դեղամիջոցը նախկինում նշանակվում էր քաշը նվազեցնելու համար Reductil ապրանքային անվանումով, սակայն այն արգելվել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և ԵՄ երկրներում՝ լուրջ կողմնակի ազդեցությունների պատճառով։

Սիբուտրամինը ազդում է ուղեղի հագեցվածության կենտրոնների վրա, բարձրացնելով սերոտոնինի և նորադրենալինի մակարդակը և նվազեցնելով ախորժակը։ Այն կարող է արագացնել էներգիայի ծախսը և օգնել պահպանել քաշը նիհարելուց հետո։ Կլինիկական տվյալները ցույց են տվել, որ համալիր մոտեցման դեպքում ( դիետա, սպորտ և բժիշկների աջակցություն) մարդիկ կարող էին կորցնել մարմնի զանգվածի 5-10%-ը։

Սակայն 2010 թվականին Դեղորայքի եվրոպական գործակալությունը և ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կարգավորող մարմիններն արգելել են դեղամիջոցը։ Խոշոր Scout ուսումնասիրությունը պարզել է, որ սիբուտրամինը բարձրացնում է ինֆարկտի և ինսուլտի ռիսկը, հատկապես սրտի հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ։

Բացի սրտանոթային բարդություններից, դեղամիջոցն առաջացնում է բերանի չորություն, անքնություն, գլխացավեր և կարող է զգալիորեն բարձրացնել ճնշումը և սրտի կծկումների հաճախականությունը՝ սիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվացման հաշվին։

Մեկ այլ սպառնալիք է այլ դեղամիջոցների հետ սիբուտրամինի համադրումը։ Եթե այն ընդունվի հակադեպրեսանտների հետ միասին կարող է առաջացնել սերոտոնինային համախտանիշ՝ պոտենցիալ մահացու վտանգավոր վիճակ։ Նմանատիպ ռիսկ գոյություն ունի նաև միգրենի դեմ մի շարք դեղամիջոցների և օփիոիդային ցավազրկողների միաժամանակյա ընդունման դեպքում։

Ախտանիշներից են՝ շփոթվածությունը, գրգռվածությունը, քրտնարտադրությունը, ջերմությունը, սրտի արագացած բաբախյունը, մկանների ջղաձգումները և կոորդինացիայի կորուստը: Ավելին, լյարդի ֆերմենտների վրա ազդող հակաբիոտիկները և հակասնկային դեղամիջոցները կարող են բարձրացնել արյան մեջ սիբուտրամինի մակարդակը:

Ռուսաստանում սիբուտրամինը հասանելի է դեղատոմսով՝ մեծահասակների մոտ ճարպակալումը բուժելու համար։ Սակայն այն ավելի ու ավելի հաճախ է հանդիպում ապօրինի Կենսաբանական ակտիվ հավելումներում (ԿԱՀ), որոնք վաճառվում են որպես նիհարելու «բնական» միջոցներ, այդ թվում՝ Molecule պատիճներում։ Նմանատիպ դեղամիջոցները տարածվում են ինտերնետի միջոցով և շրջանցում են որակի վերահսկողությունը, ուստի գնորդները չեն կարող վստահ լինել դրանց բաղադրության մեջ։

Փորձագետներն ընդգծել են, որ սիբուտրամինի պատմությունը ակնհայտ նախազգուշացում է այն մասին, թե որքան վտանգավոր կարող են լինել նիհարելու չկարգավորվող հաբերը։ Մի դեղամիջոց, որը ժամանակին հավանության է արժանացել լայն կիրառման համար։ Այն ունակ է լուրջ վնաս հասցնել, հատկապես, եթե վաճառվում է ապօրինաբար կամ օգտագործվում է առանց բժշկական հսկողության։